Փարիզի ահաբեկչությունների գործի շրջանակում Բելգիայում ձերբակալված եւս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հաղորդել է բելգիական դաշնային դատախազությունը:

Կալանքի տակ է առնվել Բելգիայի քաղաքացի, 1986 թվականին ծնված Զաքարիա Ժ.-ն, որը ձերբակալվել էր 2016 թվականի հունվարի 20-ին, Գենտի մայրուղում: Նրան սպանությունների եւ ահաբեկչական խմբերի գործունեությանը մասնակցության մեղադրանք է առաջադրվել:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա փարիզյան ահաբեկչությունների գործով Բելգիայում մեղադրվող 10-րդ անձն է: Ավելի վաղ Բրյուսելի դատարանը որոշում էր կայացրել ազատ արձակել 23-ամյա Այուբ Բազարուժին, որն ահաբեկչական գործունեության մեղադրանքով ձերբակալվել էր 2015 թվականի դեկտեմբերի 30-ին:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով 130 մարդ է զոհվել, ավելի քան 350 հոգի՝ վիրավորվել: