ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը քննադատության ենթարկել թուրքական կառավարությանը՝ գիտնականներին հետապնդելու համար, որոնք ստորագրել են երկրի հարավ-արեւելքում բռնությունը դադարեցնելու կոչ պարունակող ուղերձը:
Նախօրեին Բայդենը 2-օրյա այցով ժամանել է Թուրքիա, որտեղ նախանշված են նրա հանդիպումները երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ:
«Մենք կշարունակենք Թուրքիային եւ այլ երկրների բացատրել, որ ազատ քննադատելը նույնքան կարեւոր է, որքան ազատ շնչելը: Խոսքի եւ մամուլի ազատությունը ոչ միայն ամերիկյան, այլեւ համամարդկային արժեքներ են (...): Այդ ազատությունները սահմանված են Թուրքիայի սահմանադրությունում (...): Թուրքական ժողովրդավարության ուժն ազդում է Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միության վրա»,- Ստամբուլում թուրքական խորհրդարանի պատգամավորների մասնակցությամբ անցկացված կլոր սեղանի ժամանակ ասված Բայդենի խոսքերն է մեջբերում թուրքական Сumhuriyet-ը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա հավելել է, որ Թուրքիայում խոսքի ազատության հետ կապված իրավիճակը թուրքական ղեկավարության հետ իր հանդիպումների քննարկման առարկա կդառնա:
Թուրքական եւ օտարերկրյա 1128 գիտնականներ ստորագրել են «Մենք այդ հանցագործության մաս չենք կազմի» խորագրով ուղերձը, որում նրանք թուրքական իշխանություններին կոչ են անում դադարեցնել երկրի հարավ-արեւելքում քրդերի «կոտորածն ու սպանդը»: Թուրքական իշխանություններն ուղերձը ստորագրած 24 գիտնականի են ձերբակալել, սակայն ավելի ուշ ազատ են արձակել:




























