ԱՄՆ-ում Ռուսաստանի 5 պատվավոր հյուպատոսություն են փակել: Ամերիկյան իշխանությունները սա անվանել են պատասխան իրենց դիվանագետների դեմ Մոսկվայի գործողությունների: Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների դեմ սադրանքների մասին:
Ռուսաստանի դեսպանությունն ԱՄՆ իշխանություններից պաշտոնական ծանուցում է ստացել ռուսական 6 պատվավոր հյուպատոսություններից 5-ի փակման անհրաժեշտության մասին, որոնք գործում էին Քալիֆորնիայում, Մինեսոտայում, Ֆլորիդայում եւ Պուերտո Ռիկոյում: Այս մասին հայտարարել է ՌԴ դեսպանության մամուլի քարտուղար Յուրի Մելնիկը: Պատվավոր հյուպատոսների պարտականությունները կատարում էին ամերիկյան քաղաքացիները: Կարգավիճակը պահպանել է միայն Կոլորադոյում պատվավոր հյուպատոսը:
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «ամերիկյան հատուկ ծառայությունները չեն դադարեցնում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների դեմ սադրանքները»: Նրա խոսքով, հավատարմագրումից զրկված հյուպատոսներին «քրեական հետապնդմամբ են սպառնում»:
Իր հերթին Ռուսաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարել է, որ հյուպատոսությունները փակվել են՝ ի պատասխան «Ռուսաստանում ամերիկյան հյուպատոսության գործունեությանը ռուսական միջամտության»:




























