Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին խոստացել է գնալ Ուկրաինայի դատախազություն՝ հարցաքննության եւ «բոլորին տեղը դնել»:

«Գոյություն ունի ռեկետի, կոռուպցիայի պետական համակարգ, ամբողջությամբ մաֆիոզ, ամբողջությամբ նեխած՝ կառավարության ու իրավապահների հովանու ներքո: Ո՞վ է այնտեղ մասնակցում: Եվ գյուղատնտեսության նախարարությունը, եւ ՆԳՆ-ն, եւ դատախազությունը, եւ ինչ-որ առանձին տարրեր: Իրականում տեղի է ունենում այն, որ փոքր մարդը բոլորովին պաշտպանված չէ: Եթե դու ուզում ես բացահայտե՞լ, քեզ կհարցաքննենք, գործ կհարուցենք: Իսկ Սահակաշվիլին քեզ կպաշտպանի՞, Սահակաշվիլիին էլ կհարցաքննենք: Ես կգնամ այնտեղ, այդ դատախազություն, ես դրանց բոլորին տեղը կդնեմ: Նրանք սխալ մարդու դեմ են դուրս եկել»,-հայտարարել է Սահակաշվիլին «112 Ուկրաինա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նշենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ հունվարի 20-ին Կիեւի մարզի դատախազությունը հարցաքննության է կանչել Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին: Իրավապահները մտադիր են Սահակաշվիլիից տեղեկություններ ստանալ մաքսատան աշխատակիցների շարքերում կոռուպցիայի մասին: