ԱՄՆ իշխանությունները տեղեկություն չունեն, թե ինչ նպատակով է ռուսաստանցի զինվորականների մի փոքրիկ խումբ ուղարկվել Սիրիայի հյուսիս-արեւելք: Նախօրեին սիրիական բանակի կողմից վերահսկվող Կամիշլի քաղաքի օդանավակայանում խմբավորման ներկայության մասին տարբեր ԶԼՄ-ների պատմել են ԱՄՆ-ի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, Վաշինգթոնում առայժմ չեն տեսնում այն բանի նախանշաններ, թե Մոսկվան պատրաստվում է օդանավակայանը իր ավիացիայի նոր բազայի վերածել: Միաժամանակ` պաշտպանական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով, Ռուսաստանի մտադրություններն անհասկանալի են մնում: «Մենք ուղղակի սարսափելի ուզում ենք իմանալ, թե նրանք ինչ են անում այնտեղ: Այս պահին դա առեղծված է», - թերթին ասել է զրուցակիցը, տեղեկացնում է RBK-ն:
Ինչպես գրում է WSJ-ն, երկրի հյուսիս-արեւելքում ռուսաստանյան զինվորականների հայտնվելը տեղի է ունեցել նույն շրջանում ամերիկացի հրահանգիչների եւ քուրդ աշխարհազորայինների փոխգործակցության ամրապնդման հետ միաժամանակ: Դա կարող է Մոսկվայի եւ Վաշինգթոնի միջեւ հարաբերությունների սրման պատճառ դառնալ, ենթադրում է թերթը:
Նախօրեին ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան Fox News-ի հետ զրույցում նշել է, որ Կամիշլիի օդանավակայանում ռուսաստանցիների հայտնվելն այնտեղ բազա տեղադրելու մտադրության մասին է վկայում: Հեռուստաալիքը նշել է, որ Պենտագոնում դրա ստեղծումը ժամանակի հարց են համարում:




























