Պորտուգալիայում հունվարի 24-ին նախագահական ընտրություններ են նախանշված: Երկրի գործող նախագահ Անիբալ Կավակու Սիլվան չի մասնակցելու ընտրություններին, քանի որ իշխանության է եղել երկու ժամկետ անընդմեջ: Նրան պատրաստ են փոխարինել 10 թեկնածուներ, ինչը ռեկորդային է ժողովրդավարական Պորտուգալիայի 40-ամյա պատմության մեջ:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, սոցհարցումների համաձայն, առաջատար թեկնածուն Մարսելու Ռեբելլու դի Սոզան է, որին սատարում են Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (PSD), Սոցիալ-դեմոկրատական կենտրոնը (CDS) եւ «Ժողովրդական միապետական կուսակցությունը»: Հիմնական հարցն այն է, արդյո՞ք նրան կհաջողվի հաղթել հենց առաջին փուլում, թե՞ նոր քվեարկության անհրաժեշտություն կլինի:

Գործող վարչապետ, Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Անտոնիու Կոշտան կոչ է անում քվեարկել հարցման արդյունքներով երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնող թեկնածուների մեկի օգտին. Լիսաբոնի համալսարանի նախկին ռեկտոր Սամպայու դա Նավուայի (նա 17-22.5% աջակցություն է վայելում) կամ առողջապահոււթյան նախկին նախարար, Սոցիալիստական կուսակցության նախկին ղեկավար Մարիու դե Բելեմի, որին սատարում է 12% քաղաքացի:

Ավելի պակաս ժողովրդականություն են վայելում «ծայրահեղ ձախերի» թեկնածու Մարիսա Մատիասը, որը լավ հարաբերություններ ունի իսպանական Podemos-ի եւ հունական ՍԻՐԻԶԱ-ի հետ, ինչպես նաեւ նախկին հոգեւորական, կոմունիստ դարձած Էգդար Սիլվան:

Մնացած 5 թեկնածուները որեւէ կուսակցությունից աջակցություն չունեն: