Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողով ղարաբաղյան հակամարտությանն առնչվող զեկույցներ ներկայացնելը սխալ մոտեցում է այնպիսի բարեկամական երկրի հանդեպ, ինչպիսին Հայաստանն է: Այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ֆրանսիայի արտաքին գործերի եւ միջազգային զարգացման նախարարին առընթեր Զարգացման եւ Ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Աննիկ Ժիրարդենը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում Ռոբերտ Ուոլթերի եւ Միլիցա Մարկովիչի կողմից հակահայ զեկույցների ներկայացման անթույլատրելիության մասին NEWS.am-ի թղթակցի հարցին:

Աննիկ Ժիրարդենի խոսքով, Եվրախորհրդում ընդգրկված են մի շարք երկրներ, եւ Ֆրանսիան, բնականաբար, չի կարող միջամտել տարբեր երկրների վարած քաղաքականությանը:  

«Ամեն դեպքում, այդ կառույցի ներսում Ֆրանսիան ներկայացված է պատգամավորներով եւ սենատորներով: Բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են այդ հարցում Ֆրանսիայի դիրքորոշմամբ, մենք ասել ենք, որ դա սխալ մոտեցում կլինի այնպիսի բարեկամական երկրի հանդեպ, ինչպիսին Հայաստանն է»,- ընդգծեց ֆրանսիացի պաշտոնյան՝ հիշեցնելով, որ Եվրախորհրդում քվեարկություն է կայանալու այդ զեկույցների շուրջ:

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում քննարկվելու են բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում բռնության սրացումը» եւ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությանը կանխամտածված զրկում են ջրից» վերնագրերով զեկույցները: