Այսօր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ օրենքի նախագծի քննարկումներ են ընթանում ինչպես Ֆրանսիայի Սենատում, այնպես էլ Ազգային ժողովում: Այդ մասին հունվարի 23-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի եւ միջազգային զարգացման նախարարի զարգացման եւ ֆրանկոֆոնիայի հարցերով պետական քարտուղար Աննիկ Ժիրարդենը` անդրադառնալով այն հարցին, թե Ֆրանսիայում որ փուլում է Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման վերաբերյալ օրենքի նախագիծը:
Նա հիշել է, որ Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, նախագահի մակարդակով երկու այց է տեղի ունեցել Հայաստան, Ֆրանսիան նաեւ մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Մենք, բնականաբար, ընդունում ենք այդ իրողությունը, բայց պետք է ընդունել, որ դա պատմության մի էջ է, որն անհրաժեշտ է թերթել: Մենք այստեղ ենք, որպեսզի Հայաստանին գործուն օգնություն տրամադրենք տարբեր ոլորտներում` տնտեսության, զբոսաշրջության, կրթության, որպեսզի Հայաստանի երիտասարդությունը կարողանա ըստ արժանվույն օգտագործել իր գիտելիքներն ի բարօրություն երկրի զարգացման», - ամփոփել է Աննիկ Ժիրարդենը:
Հիշեցնենք, որ 2015-ի դեկտեմբերի 3-ին Ֆրանսիայի խորհրդարանը քննարկել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծը նախապատրաստվել էր ընդդիմադիր Հանրապետական կուսակցության պատգամավոր Վալերի Բուայեի կողմից: Նոյեմբերի 25-ին նախագիծը քննարկվել է Սենատի արդարադատության հարցերով կոմիտեում:
Հայոց ցեղասպանության քրեականացման վերաբերյալ օրենքի նախագիծը Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից ընդունվել էր 2011-ի դեկտեմբերին, իսկ Սենատի կողմից` 2012-ի հունվարին: Ի պատասխան Թուրքիան սառեցրեց Ֆրանսիայի հետ դիվանագիտական հարաբերությունները: Սակայն նախագահ Սարկոզին չստորագրեց օրենքը` ժամանակ տալով Սահմանադրական դատարանում դրա վիճարկմանը:
2012-ի փետրվարի 29-ին օրենքը հայտարարվեց ֆրանսիական սահմանադրությանը հակասող: Հետագայում պարզվեց, որ Ֆրանսիայի ՍԴ-ի անդամ Յուբեր Անելը նամակագրություն ուներ Թուրքիայի նախկին արտգործնախարար Յաշար Յակիշի հետ եւ նրան հավատացրել էր, որ օրենքը չի ընդունվի:




























