Հայաստանը պատրաստ է բարեկամ Ֆրանսիայի հետ ամրապնդել բոլոր ոլորտներում առանձնաշնորհյալ հարաբերությունները: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, Ֆրանսիայի զարգացման եւ Ֆրանկոֆոնիայի հարցերով պետական քարտուղար Աննիկ Ժիրարդենի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանը:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ընդգծել է բարեկամ Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում առանձնաշնորհյալ հարաբերություններն ամրապնդելու Հայաստանի հանձնառությունը: Այս առումով Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է պարբերական բարձր մակարդակի փոխադարձ այցելությունները։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Աննիկ Ժիրարդենը շեշտել է, որ Ֆրանսիան կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության ամրապնդումը եւ ընդլայնումը բոլոր ոլորտներում, այդ թվում` որպես ֆրանկոֆոն ընտանիքի ամենաակտիվ անդամներից։
Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է արվել տարբեր բնագավառներում երկկողմ փոխգործակցության խորացման հարցերին, միջխորհրդարանական կապերի, ապակենտրոնացված համագործակցության, կրթության ոլորտում փոխգործակցության զարգացմանը։
Զրուցակիցներն անդրադարձել են անցյալ հոկտեմբերին Հայաստանում անցկացված Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 31-րդ նստաշրջանի արդյունքներին։ Տիկին Ժիրարդենը բարձր է գնահատել Հայաստանի դերակատարությունը ՖՄԿ շրջանակներում։ Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի շրջանակներում բազմակողմ փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Առեւտրատնտեսական կապերի խորացման համատեքստում կարեւորվել է ֆրանսիական ընկերությունների արդյունավետ գործունեությունը Հայաստանում, ֆրանսիական ներդրումների խթանումը եւ համապատասխան բարենպաստ պայմանների կատարելագործումը։
Այդ առումով նախարար Նալբանդյանն արժեւորել է Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք մեծապես նպաստում են Հայաստանի սոցիալ-տնտեսական առաջընթացին։
Անդրադարձ է արվել միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացմանը, կարեւորվեց դրանց խորհրդարանական վեհաժողովներում փոխգործակցության զարգացումը։




























