Հայ հեղափոխական դաշնակցությունը սեպտեմբերի 2-ին հանրահավաք է հրավիրել՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրվան: Կուսակցության Գերագույն մարմնի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ «Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմում հաղթելով, և արտահայտելով ողջ հայության հավաքական կամքը Արցախը հռչակեց և պաշտպանեց իր անկախությունը: Այսօր, բանակցությունների նորօրյա ակտիվացման պայմաններում մենք պարտավոր ենք տեր կանգնել մեր ժողովրդի հաղթանակին և ստիպել հարգել Արցախի ինքնորոշման փաստը, մերժել մեզ պարտադրվող ցանկացած զիջում, պահանջել բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնում՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ»:

ՀՅԴ-ն նշում է, որ չեն վերացվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացի լրջագույն վտանգները: «Սպասվող ֆուտբոլային խաղից առաջ մենք վերստին պահանջում ենք՝

ա) դադարեցնել թուրքական շահերի սպասարկմանը ծառայող բանակցությունները,

բ) թույլ չտալ, որ Թուրքիան իր միջազգային պարտավորությունները կատարի ՝ միաժամանակ Հայաստանին զիջումներ պարտադրելով,

գ) դիվանագիտական ձախողումների անմիջական պատասխանատու ԱԳ նախարարի հրաժարականը»,- նկատում են դաշնակցականները եւ հարվիրում հանահավաքի, որ տեղի է ունենալու Շառլ Ազնավուրի հրապարակում՝ «Մոսկվա» կ/թ-ի դիմաց, սեպտեմբերի 2-ին, ժամը 18.30-ին: