Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) եւ «Արթ Սայմոն Փրոդաքշընս»-ը հայտնում են, որ Հայկական ակնաբուժության նախագիծ վավերագրական ֆիլմը հաղթող է ճանաչվել «CINE Ոսկյա Արծիվ» մրցանակի համար հայտարարված մրցույթում: Այս մրցանակն ավելի քան հիսուն տարի շնորհվում է պրոֆեսիոնալ անկախ ֆիլմարտադրության մեջ գերազանց արդյունքներ ցուցաբերելու համար: Ֆիլմը պատրաստել եւ բեմադրել է Արթ Սայմոնը եւ ներկայացրել է  2010 թ. գարնան «CINE Ոսկյա Արծիվ» մրցույթին:

CINE մրցույթի մասնակիցները գնահատվում են չափազանց խիստ չափանիշներով, ներառյալ պատմողականության որակը, արտադրության արժեքայնությունը, արտիստիզմը, նպատակը, ընդհանուր որակը եւ այլն: Այս տարվա մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել հունիսի 3-ին, Վաշինգթոնում (ԱՄՆ):

«CINE Ոսկյա Արծիվ» մրցանակին արժանացած մարդկանց ցանկում են Սթիվեն Սփիլբերգը, Քեն Բըրնսը, Ռոն Հովարդը, Ռոբերտ Զեմեքիսը, Մայք Նիքոլսը, Մարթին Սքորսեզեն, Միրա Նեյրը, Չարլզ Գուգենհեյմը, Ստենլեյ Նելսոնը, Ալբերտ Մեյսլեսը, Ֆրեդրիկ Վայզմանը եւ այլք:

Հայկական ակնաբուժության նախագիծ վավերագրական ֆիլմը լավագույնն է ճանաչվել Խրախուսական (Motivational) անվանակարգում եւ արդեն իր տեղն գրավել «CINE Ոսկյա Արծիվ» մրցույթի հաղթողների շարքում` CINE-ի տեսադարանում: Ֆիլմին կարելի է ծանոթանալ www.cine.org կայքում: