Հայաստանի հանրապետական կուսակցությունում փոփոխություններ տեղի չեն ունեցել, իսկ լուրերն այն մասին, թե քննարկվում է 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների պատգամավորական թեկնածուների ցուցակը, իրականությանը չեն համապատասխանում։ Սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը։

«ՀՀԿ-ում տարաձայնություններ չկան։ Ցուցակների մասին խոսակցություններ օրակարգում եւս չկան։ Կուսակցությունը հարցը կքննարկի երկրի նախագահի եւ ՀՀԿ Խորհրդի որոշմամբ»,- ընդգծեց պատգամավորը։

Հարցին, թե որքանո՞վ ճշմարիտ են կոալիցիոն կուսակցությունների միջեւ տարաձայնությունների մասին լուրերը, Սահակյանը նշեց, որ դրանք նույնպես իրականությանը չեն համապատասխանում. «Մեր գործընկերների հետ մենք նորմալ, բարեկամական, աշխատանքային հարաբերությունների մեջ ենք»:

Նշենք, որ նախօրեին ՀՀԿ որոշ ներկայացուցիչներ միաժամանակ հաստատել եւ հերքել էին լուրերն այն մասին, որ քննարկվում է 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների պատգամավորական թեկնածուների ցուցակը։ Համաձայն շրջանառվող լուրերի՝ առաջին տեղը զբաղեցնելու է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։