Մեքսիկական Էնսենադա քաղաքում զինված մարդիկ կիրակ են բացել տարածքում, որտեղ աքաղաղների մենամարտեր էին ընթանում: Այդ պահին այնտեղ մի քանի հարյուր հանդիսատես էր հավաքվել, գրում է  The San Diego Union-Tribune-ը:

Հունվարի 23-ին իրականացված հարձակման հետեւանքով չորս մարդ է զոհվել, այդ թվում` 11-ամյա եւ 16-ամյա պատանիներ: Եվս 17 մարդ վնասվածք է ստացել: 

Տեղի իշխանությունները չեն հայտնել, թե արդյոք ձերբակալություններ իրականացվել են, թե ոչ:  Չեն հայտնել նաեւ հանցագործների դրդապատճառները: Տվյալ գործի շրջանակում  37 վկա է հարցաքննվել: Ականատեսների խոսքով, կրակել է հինգից յոթ մարդ:  

Ոստիկանները հայտնել են, որ հայտնաբերվել է այն մեքենան, որով, ենթադրաբար, հարձակվողները փախել են գրոհից հետո: 

Ինչպես նշում է The San Diego Union-Tribune-ը, մեքսիկական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ զինված մարդիկ փնտրել են Չինա մականունով մարդու, բայց այդ տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել: ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ Չինոն մրցության կազմակերպիչներից է:

Նախնական տվյալների համաձայն, աքաղաղների մրցամարտերը կազմակերպվել են առանց թույլտվության: