Աֆղանական «Թալիբան» շարժումը համաձայնել է վերականգնել Քաբուլի հետ երկխոսությունը տեղի բանտերում պահվող քաղբանտարկյալներին ազատ արձակելու դիմաց:  Այդ մասին երկուշաբթի տեղեկացրել է   Geo TV հեռուստաալիքը. «Մենք համարում ենք, որ բանակցությունների վերսկսման պայմանը պիտի դառնա աֆղանական բանտերում պահվող քաղբանտարկյալների ազատ արձակումը», - թալիբների իր անունը չհայտնած ներկայացուցչի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ բանակցությունների վերսկսման համար շարժման կողմից առաջ քաշված պայմաններից մեկը դարձել է «Թալիբանին» ՄԱԿ-ի պատժամիջոցային ցուցակից (որը նախատեսում է ի թիվս այլ բաների, շարժման ֆինանսական ակտիվների սառեցում) հանելը, ինչպես նաեւ խմբավորման անդամների համար աշխարհում ազատ տեղաշարժի արգելքի վերացում: «Այս միջոցները բանակցությունների վերսկսման անհրաժեշտ պայմաններ են», - ընդգծել է թալիբների ներկայացուցիչը:

Հունվարի 11-ին Իսլամաբադում տեղի է ունեցել Պակիստանի, Աֆղանստանի, Չինաստանի եւ ԱՄՆ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումը թալիբների հետ նախկինում ընդհատված շփումների  «ճանապարհային քարտեզի» նախագծի քննարկման համար:   Ավելի վաղ Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը հանդես էր եկել Քաբուլի եւ   «Թալիբան» շարժման միջեւ բանակցությունների ընդհատված գործընթացը վերականգնելու առաջարկով: Աֆղանական կառավարության եւ «Թալիբանի» միջեւ ոչ ֆորմալ բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել պակիստանյան լեռնային Մարի հանգստավայրում անցած տարվա հուլիսի  7-ին: Սակայն դրանից հետո շփումներն ընդհատվել են  2013-ին թալիբների մոլլա Օմարի մահվան մասին տեղեկության ի հայտ գալուց հետո: