Հայ ազգային կոնգրեսի կողմից  հրավիրված առաջիկա հանրահավաքում խոսվելու է Հայաստանի իշխանությունների արձանագրած ձախողումներից:

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:

«Հանրահավաքի ընթացքում կխոսենք իշխանությունների ներքաղաքական, սոցիալ-տնտեսական բնագավառում ձախողումների մասին»,-հայտարարեց ՀԱԿ համակարգողը: Նա իշխանություններին հերթական անգամ մեղադրեց ոչ կոմպետենտության, ապաշնորհության եւ անգործության մեջ՝ շեշտելով. «Այս իշխանությունները, չգիտեմ հայերեն ինչպես ասել, ձախողումային իշխանություններ են դարձել, տապալական, քանի որ ամեն հարցում տապալվում են»:

Զուրաբյանն ասուլիսի ընթացքում անդրադարձավ Ադրբեջանի կողմից ՄԱԿ ներկայացված բանաձեւի նախագծին, որի քննարկումն ու քվեարկությունը ՄԱԿ-ի 64-րդ նստաշրջանից տեղափոխվել 65-րդ նստաշրջան: Ըստ Զուրաբյանի՝ իշխանությունները փոխանակ Ադրբեջանի քայլերը չեզոքացնելու համար հակաքայլեր կատարելուն, մի գլուխ հայտարարում էին, որ այդ փաստաթուղթը գրոշի արժեք չի ունենալու ԼՂ բանակցային գործընթացի վրա  եւ բացարձակ անգործության էին մատնվել: Ավելին՝ բանաձեւի քննարկման ուշացումը մի քանի օրով հետաձգելը համարեցին Հայաստանի դիվանագիտական կորպուսի հաղթանակ: «Փաստորեն, Շարմազանովի շահածը մի քանի օրն էր»,-նկատեց ՀԱԿ համակարգողը՝ անդրադառնալով ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուրադ Շարմազանովի հայտարարությանը՝ ՄԱԿ-ում բանաձեւի քննարկման հետաձգմանը:

Զուրաբյանի խոսքով, Ադրբեջանն այդ բանաձեւը որպես գործիք է օգտագործում՝ միջազգային հանրության եւ մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա ճնշումներ բանեցնելու եւ իր ուզածը պարտադրելու համար: Եւ քանի որ Ադրբեջանին հաջողվեց ստանալ այս փուլում իր ուզածը՝ ԼՂ-ին հարակից տարածքներում հումանիտար առաքելություն ուղարկելու տեսքով, նա որոշեց բանաձեւի նախագիծը տեղափոխել ՄԱԿ-ի հաջորդ նստաշրջան: Այդ բանաձեւը, ըստ Զուրաբյանի, Ադրբեջանը ցանկացած պահի կարող է վերակենդանացնել ու դնել քննարկման: Խոսքը «Միջազգային հումանիտար իրավունքի եւ միջազգային ստանդարտների պահպանումը Ադրբեջանի օկուպացված տարածքներում»  բանաձեւի մասին է: Ահա այս հարցերի մասին է խոսվելու ՀԱԿ հանրահավաքում: Այն, հիշեցնենք, տեղի է ունենալու սեպտեմբերի 17-ին, Մատենադարանին հարող տարածքում: