Մի երկրում, որի խորհրդարանում կան մեծ թվով հաջողակ գործարարներ, որի կառավարությունում առկա են մեծ թվով գործարարներ ու հարուստ մարդիկ, շահերի բախման հարցը մեծ կարեւորություն է պահանջում: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, «Ազգային եւ միջազգային ջանքերը կիրառական էթիկայի ոլորտում» թեմայով միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անտոնի Պյոտր Սվիտալսկին:

Նրա խոսքով՝ մերիտոկրատիան՝ արժանավորների իշխանությունը, չի կարող կառուցվել առանց մտերիմներին իշխանության նշանակելու պրակտիկայի դեմ պայքարի։ «Որեւէ երկրում, որտեղ ընտանեկան կապերն ամուր են, սա լուրջ մարտահրավեր է»,- ընդգծել է ԵՄ դեսպանը։

Նա կոչ է արել ավելի լայն լիազորություններ տալ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, որը պետք է ոչ միայն զեկույցներով հանդես գա, այլեւ քննություն անցկացնի՝ չարաշահման դեպքերը բացահայտելու համար:

Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերն իր հերթին նշել է, որ կոռուպցիան ազդում է նաեւ ներդրումների վրա. «Թափանցիկությունը պետք է ավելացվի հատկապես ԱԺ անդամների, կառավարության եւ պետական այլ պաշտոնյաների բիզնես գործունեության մեջ: Նրանց գույքի հայտարարագրումը լավ քայլ է պաշտոնյաների կողմից»: