«Ազատ Վրաստան» կուսակցության առաջնորդ Կախա Կուկավան սենսացիոն հայտարարություն է արել, որում պնդում է, թե   SOCAR Georgia-ի բաժնետոմսերի  49 տոկոսը պատկանում է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կնոջը` Սանդրա Ռուլոֆսին:

Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, այժմ Բիձինա Իվանիշվիլին, Ադրբեջանին սպառնալով «Գազպրոմի» հետ բանակցություններով, պահանջում է Սանդրա Ռուլոֆսի մասնաբաժինը ձեւակերպել իր մոտ ազգականի անունով:

«Դա մասնակիորեն կոռուպցիոն սխեմա է, քաղաքականությունն այդտեղ գլխավոր դեր չի խաղում, կարող եք հանրային ռեեստրում ստուգել. SOCAR Georgia-ի 51 տոկոսը պատկանում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը, իսկ  49 տոկոսը գրանցված է օֆշորային գոտում, եւ եթե աչքի անցկացնեք օտարերկրյա բիզնես-պարբերականները, այնտեղ գրված է, որ   49 տոկոսը ձեւակերպված է Սանդրա Ռուլոֆսի անունով, դա «Ազգային շարժման մասնաբաժինն էր»: Իշխանափոխությունից հետո մամուլում բազմիցս գրել են, որ Իվանիշվիլին սպառնացել է SOCAR-ին, Ադրբեջանի կառավարությանը եւ խնդրել է այդ  49 տոկոսը ձեւակերպել իր մոտ ազգականի` Ուչու Մամացաշվիլու անունով, բայց մերժում է ստացել: Կախա Կալաձեի օգնությամբ Իվանիշվիլին պատերազմ է սկսել եւ  SOCAR-ից բաժնեմաս է պահանջում», - հայտնել է «Ազատ Վրաստան» կուսակցության առաջնորդ Կախա Կուկավան «Խրոնիկա» թերթին տված հարցազրույցում:

Կուկավայի խոսքով, «Գազպրոմի» հետ Վրաստանի կառավարության բանակցությունները քաղաքական ոչ մի ենթատեքստ չունեն, ինչպես դա փորձում են ներկայացնել իրենք` քաղաքական գործիչները: 

«Այժմ պատերազմ է ընթանում այն բանի համար, թե ով կստանա գազի տեղափոխման   «սեւ» փողը` «Միասնական ազգային շարժումը» թե «Վրացական երազանքը»: Մնացած հարցերը` երկարի ռազմավարական անվտանգությունը, էներգակախվածության հոգսը երկու կողմն էլ բարձրացնում են ընդամենը ուշադրությունը շեղելու համար», - նշել է Կախա Կուկավան: