Միացյալ Թագավորությունը մտահոգված է վերջին շրջանում առաջնային գծում լարվածության բարձրացմամբ և կոչ է անում կողմերին գործել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացի շրջանակներում: Այս մասին ասվում է Երևանում բրիտանական դեսպանատան տարածում հաղորդագրության մեջ «Հանուն օրենքի» շարժման հունվարի 26-ի բողոքի ակցիայի առնչությամբ։
«Միացյալ Թագավորության կառավարությունը խրախուսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի առաջընթացը և Եվրախորհրդի (կամ դրա որևէ բաղկացուցիչ մարմնի) աջակցությունը այդ աշխատանքերին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ «Հանուն օրենքի» հասարակական շարժման մի քանի տասնյակ անդամներ այսօր՝ հունվարի 25-ին, Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջեւ բողոքի ակցիայով արտահայտեցին իրենց մտահոգությունը հունվարի 26-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում նախատեսվող երկու հակահայկական բանաձեւերի շուրջ լսումների առնչությամբ։
Շարժման անդամները պահանջել էին, որպեսզի ՀՀ–ում ՄԹ դեսպանը միջնորդի, որ բրիտանացի պատգամավոր Ռ.Ուոլթերը հրաժարվի ԵԽԽՎ-ում իր հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» զեկույցից։




























