Եվրոպական միության արդարադատության եւ ներքին գործերի նախարարները Հաագայում արտակարգ հանդիպումից հետո դիմել են Եվրահանձնաժողովին՝ խնդրելով օրենսդրական միջոցներ ձեռք առնել, որոնք նրանց երկրներին թույլ կտային լուծել ներգաղթյալների հոսքի խնդիրը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով BBC News-ին:

Մասնավորապես, ԵՄ-ի անդամ երկրների ներկայացուցիչներն իրենց ազգային սահմանների նկատմամբ վերահսկողության ավելի մեծ աստիճան են պահանջել: 

Գործող կանոնների համաձայն, Շենգենի գոտու մաս կազմող երկիրն իրավունք ունի իր սահմանները փակել մինչեւ վեց ամիս ժամանակահատվածում, սակայն Հաագայի հանդիպմանը նախարարները խոսել են այդ ժամկետը մինչեւ երկու տարվա հասցնելու մասին: Եվրոպական հանձնաժողովը կուսումնասիրի այդ հարցը: 

Հանդիպմանը քննարկվել են նաեւ ԵՄ-ի արտաքին սահմանների պաշտպանությանը վերաբերող հարցեր. մասնակիցներից ոմանք հայտնել են, որ Եվրամիության առանձին երկրների տնտեսությունը չի կարող դիմանալ ներգաղթյալների հոսքին եւ դրսից օգնության կարիք կլինի: 

Վերջին տարվա ընթացքում Եվրոպա է ներգաղթել մոտ մեկ միլիոն ներգաղթյալ: Նրանց մեծամասնությունը փախստականներ էին: 

Ներգաղթյալները շարունակում են գալ հազարներով` փրկվելով Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում պատերազմներից եւ զինված հակամարտություններից: Շենգենի գոտին  26 պետություն է ներառում: