Գերմանիայում փախստականների խնդրի ֆոնին աճող լարվածությունը երկրի կանցլեր Անգելա Մերկելի համար լուրջ ռիսկեր է պարունակում, գրում է Financial Times-ը:
Այն բանից հետո, երբ անցյալ տարի մեկ մլն ներգաղթյալ է եկել երկիր եւ այս տարի էլ նույնքան սպասում են, պարզ է դարձել, որ գերմանացիները կորցնում են համբերությունը ճգնաժամի լուծման ուղիների առումով կանցլերի անկայունության նկատմամբ: Նույն զգացողություններն ունեն նաեւ եվրոպացի մի շարք առաջնորդներ, գրում է պարբերականը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
«Անընդհատ աճում է քննադատների թիվը, որոնք կոչ են անում վերադառնալ պետական սահմանների պաշտպանությանը. անցյալ շաբաթ այս հարցում Գերմանիայի ամենամոտ դաշնակիցը հայտնել է սահմանային վերահսկողությունը խստացնելու մտադրության մասին` միանալով Շվեդիայի եւ Դանիայի դիրքորոշմանը», - ասվում է հոդվածում:
«Մերկելի ժամանակը սպառվում է: Փետրվարի կեսին ԵՄ-ի առաջնորդների հաջորդ գագաթնաժողովն առանցքային ամսաթիվ է, որից հետո կանցլերը կներկայացնի ճգնաժամի լուծմանն ուղղված իր քայլերի արդյունքները», - գրում է պարբերականը` պարզաբանելով, որ նման քայլը Մերկելին հնարավորություն կտա փոխել մարտավարությունը մինչեւ երկրում տեղական ընտրություններ:
Զարմանալի չէ, որ նման իրավիճակը քաղաքական ՔԴՄ/ՔՍՄ բլոկի դժգոհությունն է առաջ բերում, նշում է հոդվածը: Ու չնայած կանցլերի քաղաքականությունը քննադատողների թիվը բավարար չէ միգրացիոն քաղաքականության մեջ արմատական փոփոխություններ իրականացնելու համար, անհարմար տպավորություն է ստեղծվում, թե Մերկելը կորցնում է վերահսկողությունը:
Պարբերականը նշում է, որ ՔԴՄ/ՔՍՄ-ի ցածր վարկանիշից դատելով` աճում է այն բանի ռիսկը, որ ընտրողները տեղական ընտրությունները կվերածեն ներգաղթի հարցերով հանրաքվեի:
«Մերկելի համար, որի իշխանությունը պահպանվում է այն փաստի վրա, որ նրա քաղաքական կերպարն ավելի ժողովրդական է, քան նրա կուսակցությունը, դա վտանգավոր կլինի: Որքան ավելի է նա կորցնում հասարակական աջակցությունը, այնքան ավելի մեծ ճեղք է տալիս իշխանությունը», - գրում է FT-ն:




























