Ծխոտման պատճառը, որի հետեւանքով Տոկիոյի մետրոպոլիտենի «Խիբիա» գծով անցնող գնացքները ստիպված են եղել կանգնել՝ խախտելով 68 հազար մարդու ծրագրերը,ծխախոտի մնացորդն էր, նման նախնական եզրակացության է հանգել տեղի ոստիկանությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Գինձա» կայանի «Խիբիա» գծի վրա ամենաբանուկ ժամին սկսվել է ծխոտում, որը ուղեկցվել է այրված ռեզինի ուժեղ հոտով: Ամբողջ կայարանը ծուխ էր լցվել, ուղեւորները շտապել են մաքուր օդ դուրս գալ, բերանները փակելով շարֆերով ու թաշկինակներով: Մետրոպոլիտենի աշխատակազմը որոշել է ժամանակավորապես դադարեցնել այդ գծով գնացքների երթեւեկությունը: Դրա հետեւանքով մոտավորապես 68 հազար մարդ չի կարողացել ժամանակին տեղ հասնել:
Երկու ժամից երթեւեկությունը վերականգնվել է: Ոստիկանությունը սկսել է հետաքննություն ու համարում է, որ բոցավառման պատճառը օդափոխանակության հորանում է: Այնտեղ ծխախոտի մնացորդ են գտել: Ենթադրում են, որ դրանից նախ բռնկվել է փոշին, իսկ հետո օդափոխանակության հորանի ռեզինե մասը: Քննիչները կարծում են, որ կատարվածը միտումնավոր հրկիզում չէր:




























