Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ նրան տարել էին կիրակի երեկոյան` թեթեւ առիթմիայի պատճառով, տեղեկացրել է նրա գրասենյակը:

Նոբելյան մրցանակի 92-ամյա դափնեկրին երկրորդ անգամ էին հիվանդանոց տեղափոխել. ավելի վաղ` հունվարին նա նեղացած պսակաձեւ զարկերակի լայնացման վիրահատություն էր տարել: 

«Պերեսի բժիշկների խոսքով, բոլոր հետազոտությունների արդյունքները համապատասխանում են նորմային», — ասվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Պերեսը, որը ծնվել է ներկայիս Բելառուսի տարածքում, երկու անգամ գլխավորել է Իսրայելի կառավարությունը: 2007–2014 թվականներին նա նախագահի պաշտոն է զբաղեցրել` դառնալով աշխարհում գործող պետության ղեկավարներից ամենատարեցը: 1993-ին պաղեստինցիների հետ խաղաղության համաձայնագրերի ստորագրման համար նա Իսրայելի այն ժամանակվա նախագահ Իցհակ Ռաբինի եւ պաղեստինյան առաջնորդ Յասիր Արաֆաթի հետ Նոբելյան մրցանակի էր արժանացել: