Եթե Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակից քրդերն ընդհանուր առմամբ շահեն, ապա դա կլինեն Իրաքի քրդերը։
Հաշվի առնելով Բաղդադի թույլ իշխանությունը, Մերձավոր Արեւելքի շատ հատվածներում ճգնաժամային իրավիճակը՝ տպավորություն է ստեղծվում, որ հիմա Քրդական ինքնավարության համար ամենահարմար պահն է վաղեմի երազանքն ի կատար ածելու համար, քանի որ Էրբիլը պաշտոնապես հայտարարել է ազգային պետություն ստեղծելու մասին։ Որոշ դիտորդներ կարծում են, որ Իրաքի Քրդստանը կարող է ամենամոտ ժամանակներս սկսել իր անկախ գոյատեւումը։
Դեռեւս ոչ այնքան վաղուց Արեւմուտքը հրաժարվում էր պաշտպանել ինքնիշխան քրդական պետություն ստեղծելու գաղափարը՝ հիմնավորելով դա Թուրքիայի եւ արաբական մի շարք երկրների շահերի պահպանման անհրաժեշտությամբ։ Սակայն Թուրքիայի գործողությունները վկայում են այն մասին, որ այդ երկիրը Իրաքի Քրդստանը պետություն հռչակելն արդեն «կարմիր գիծ» չի համարում։ Ավելին՝ այդ փրկրի փոխվարչապետը հնարավոր է համարել հայտարարել, որ այդ իրադարձությունը Իրաքի ներքին գործն է, գրում է Iranian Diplomacy-ն։
Նման փոփոխության նշանակությունն այն է, որ բոլոր կառավարությունները՝ սկսած Մուստաֆա Բյուլենթ Էջեւիթի կաբինետից եւ վերջացրած Ռեջեփ Թայիփ Էրդողանի կաբինետից, բազմիցս հայտարարել են այն մասին, որ Քրդական ինքնավարությունը ճանաչելը Թուրքիայի համար ռազմական գործողությունների մեկնարկ կնշանակի։
Չնայած Բաղդադի արգելքին՝ Անկարայի կողմից Էրբիլի իշխանություններից նավթ գնելը, Թուրքիաի իշխանությունների կողմից Քրդական ինքնավարության հետ համագործակցելով իրաքցի փախստական քաղաքական գործիչ Տարիկ ալ Հաշիմիին ապաստան տրամադրելը, Իրաքում թուրքական զինված ուժեր տեղակայելը վկայում են, որ Հյուսիսային Իրաքի քրդերի նկատմամբ թուրքերի ավանդական վերաբերմունքը փոխվել է, փոխանցում է Inosmi-ն։




























