Ռուսաստանի կառավարությունը հակաճգնաժամային ծրագրի հիմքում, փորձագետների առաջարկությամբ, նավթի գինը կհաշվարկվի 1 բարելը 20-40 դոլարով: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը:

«Այսօր նավթի գինը շուրջ 30 դոլար է՝ 1 բարելի դիմաց, 1-2 դոլարի տատանմամբ: Ինչ-որ ժամանակ գինը կարող է իսկապես շատ ցածր լինել, կարող է նաեւ աճել: Բայց, կարծում եմ, խոսքը հենց այս թվերի մասին է. 1 բարելը՝ 20 եւ 40 դոլարի միջեւ»,- ասել է Դվորկովիչը:

Հակաճգնաժամային ծրագրի քննարկման ընթացքում նա չի բացառել Ռուսաստանում նավթի արդյունահանման կրճատման հավանականությունը, եթե համաշխարհային շուկայում ցածր գները պահպանվեն:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Դվորկովիչը նաեւ հաղորդել է, որ հակաճգնաժամային ծրագրի ֆինանսավորման համար երկրի իշխանությունները մտադիր են 100 մլրդ ռուբլի հատկացնել:

Հունվարի 25-ին Ռուսաստանի բյուջեի հավասարակշռության շուրջ խորհրդակցության ժամանակ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ նախարարների կաբինետը մեկ շաբաթ անց սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր կպատրաստի: Նա կառավարությանը հանձնարարել է նվազագույնի հասցնել ռիսկերը, որոնք տնտեսության համար առաջացնում է նավթի գների անկումը: