Bank of America Merrill Lynch Global Research-ը (BofA-ML) կանխատեսում է, որ 2016 թվականին նավթի Brent տեսակի գինը կլինի 46 դոլար՝ 1 բարելի դիմաց: Այս մասին հունվարի 26-ին լրագրողներին հայտարարեց BofA-ML-ի՝ EEMEA տարածաշրջանի նավթագազային հատվածի վերլուծաբան Կարեն Կոստանյանը:
«Մինչեւ երկրորդ եռամսյակ շուկայում նավթի ավելցուկ կլինի, բայց արդեն երրորդ եռամսյակում պահանջարկի եւ առաջարկի հավասարակշռություն կհաստատվի: Չորրորդ եռամսյակում էլ պահանջարկը կսկսի գերազանցել առաջարկը»,- հաղորդել է Կոստանյանը:
Փորձագետի խոսքով, տաք եղանակը, համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերն ու շուկայում Իրանի հայտնվելը կնպաստեն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նավթի առաջարկի ավելցուկի պահպանմանը: Սակայն ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող երկրներում նավթի արդյունահանման ծավալների անկումը, ինչպես նաեւ պահանջարկի աճը 2016 թվականի երրորդ եռամսյակում, ամենայն հավանականությամբ, հավասարակշռություն կհաստատեն:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, վերլուծաբանը կարծում է, որ 2017 թվականին նավթի Brent տեսակի գինը կլինի 60 դոլարի մակարդակում, իսկ 2018-ին այն կհասնի 70 դոլար՝ 1 բարելի դիմաց:



























