«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նավթի մեծ մասը Թուրքիայով է անցնում, այդ երկրի միջոցով էլ ֆինանսավորվում է ահաբեկչությունը: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին հայտարարել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը՝ Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնի հետ հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, արդյո՞ք Թուրքիան կարող է Իսրայելի, Կիպրոսի, Հունաստանի, Եգիպտոսի եւ Հորդանանի հետ մասնակցել ահաբեկչության դեմ պայքարին եւ ինչ նախապայմաններ են պետք դրա համար:

«Ճշմարտությունը նրանում է, որ նավթի մեծ մասը, որը գալիս է ԻՊ-ից, ստացվում է ահաբեկիչներից, անցնում Թուրքիայի տարածքով, եւ Թուրքիայի տարածքով էլ ֆինանսավորվում է ահաբեկչությունը: Լավ կլիներ, եթե Թուրքիան որոշեր փոխել վերաբերմունքը, չհամագործակցեր ահաբեկիչների հետ, գործողություններ չիրականացներ, որոնք խնդիրներ են առաջացնում տարածաշրջանում, օգտվեր Եվրամիությունից ստացվող ֆինանսավորումից եւ կարողանար սեփական տնտեսական շահերից ելնելով՝ կանգնեցներ փախստականների հոսքը Փոքր Ասիայի ափերին»,- ասել է Կամենոսը: