ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի պաշտոնին հավակնող միլիարդատեր Դոնալդ Թրամփը վստահ է, որ ԱՄՆ-ն պետք է հարաբերություններ հաստատի Ռուսաստանի հետ: Այս մասին նա հայտարարել է Fox Business News-ին տված հարցազրույցում:
«Կարծում եմ՝ լավ կլիներ, եթե մենք լավ հարաբերություններ ունենայինք Ռուսաստանի հետ: Հրաշալի կլիներ: Կարծում եմ՝ հրաշալի կլիներ լավ հարաբերություններ հաստատել նաեւ Չինաստանի հետ: Ես մոտեցնում, այլ ոչ թե հեռացնում եմ մարդկանց»,- ասել է Թրամփը:
Ըստ ՏԱՍՍ-ի, նա նաեւ հայտարարել է, որ սխալ է ՀԴԲ նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոյի մահվան պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա:
«Նրա (Պուտինի) դեմ որեւէ մեղադրանք չի առաջադրվել»,- հայտարարել է նա: «Ոմանք կարծում են, որ դա Պուտինն է արել: Բայց շատերն էլ ասում են, որ նա դրա հետ որեւէ առնչություն չունի: Եվ ո՞վ գիտի, թե ինչ է եղել իրականում»,- Թրամփի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:



























