Դանիայի խորհրդարանն օրինագիծ է ընդունել, որը երկիր ժամանած միգրանտներին պարտադրում է հանձնել իրենց մոտ եղած՝ 1450 դոլարը գերազանցող ունեցվածքը: Օրինագծի օգտին քվեարկել է 87 պատգամավոր, դեմ է հանդես եկել խորհրդարանի 27 անդամ:
Օրենքի կողմնակիցները պնդում են, որ երկիրը պետք է ավելի շատ միջոցառումներ ձեռնարկի՝ միգրանտների հոսքը սահմանափակելու համար:
Դանիական իշխանությունների համոզմամբ, նոր կանոնը պարզապես միգրանտներին հավասարեցնում է երկրի քաղաքացիներին: Գործազուրկ դանիացիները պարտավոր են վաճառել իրենց սեփականությունը, եթե դրա ընդհանուր արժեքը գերազանցում է որոշակի գումարը, որպեսզի կարողանան սոցիալական նպաստ ստանալ:
Ակնկալվում է, որ 2016 թվականին Դանիան շուրջ 20 հազար միգրանտ կընդունի: Ըստ BBC-ի, դանիական ինտեգրման նախարարությունը տեղեկացրել է, որ դա 5 հազարով ավելի է, քան անցյալ տարի:




























