Երեւանում հունվարի 26-ին հանդիսավորությամբ նշվեց Հնդկաստանի ազգային տոնը՝ Հանրապետության 67-րդ տարեդարձը:

Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն շնորհակալություն հայտնեց հանդիսավոր ընդունելությանը ներկա Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներին, պաշտոնատար անձանց, քաղաքական եւ հասարակական գործիչներին:

«Ձեր ներկայությունն իմ երկրի եւ Հայաստանում մեր առաքելության հանդեպ ձեր վերաբերմունքի վկայությունն է: Մենք՝ Հնդկաստանի ժողովուրդը, նշում ենք մեր նորագույն պատմության եւս մեկ պատմական իրադարձություն: 1950 թվականի այս օրը Հնդկաստանը հանրապետություն հռչակվեց, այն մեզ տվեց Սահմանադրությունը, որի հիման վրա կառուցվեց ազատ եւ ժողովրդավարական Հնդկաստանը»,- ասաց նա:

Դիվանագետի խոսքով, այդ օրը դարձավ հերոսական պայքարի գագաթնակետն այնպիսի առաջնորդների, ինչպիսիք են Մահաթմա Գանդին, Ջավահարլալ Ներուն եւ այլք:

«Անկախ Հնդկաստանն առաջնորդվում է օրենքի գերակայությամբ, խոսքի ազատությամբ, ինչպես նաեւ բոլոր քաղաքացիների իրավունքների հավասարությամբ: Այսօր Հնդկաստանը, չնայած սոցիալ-տնտեսական մարտահրավերներին, արագորեն զարգանում է որպես տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների, նոր ընկերությունների եւ դեղագործության գլոբալ առաջատար»,- ընդգծեց Սուրեշ Բաբուն:

Դեսպանի խոսքով, արդեն գրանցված 7.3% աճով Հնդկաստանը մտադիր է դառնալ ամենաարագ աճող տնտեսությամբ երկիրը՝ 2016 թվականին ապահովելով 7.5%-ի աճ:

«Բարեկամ Հայաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունները կայուն առաջընթաց են արձանագրում: Հայ բարեկամերի եւ յոգայի սիրահարների օգնությամբ կազմակերպված Յոգայի առաջին միջազգային օրը թույլ տվեց տարածել «Յոգա՝ հանուն ֆիթնեսի» գաղափարը»,- նշեց Սուրեշ Բաբուն:

Նա հավելեց, որ 2016 թվականին մի շարք երկկողմ այցելություններ եւ միջոցառումներ են նախատեսվում, որոնք Հնդկաստանի եւ Հայաստանի հարաբերությունները նոր մակարդակի կբարձրացնեն: «Սա վերջին Հանրապետության օրն է, որը ես Հայաստանում եմ տոնում: Շուտով ավարտելու եմ իմ դիվանագիտական առաքելությունն եւ հեռանալու եմ նշանակման վայրից: Այս հնագույն, գեղեցիկ եւ բարեկամական երկրում կյանքն ինձ հնարավորություն տվեց հարստացնել գիտելիքներս, ծանոթանալ հայ ժողովրդի հետ: Ժողովուրդ, որը գիտելիքի եւ տաղանդի հսկայական ներուժ ունի: Ես բազմաթիվ ընկերներ ձեռք բերեցի: Շնորհակալ եմ ձեր ջերմության եւ ընկերության համար»,- ամփոփեց Հնդկաստանի դեսպանը: