Թուրքիան մտադիր է բոյկոտել Ժնեւում նախանշված Սիրիայի հարցով բանակցությունները, եթե քրդական Ժողովրդավարական միություն (ԺՄ) կուսակցությունը մասնակցի դրանց: Այս մասին NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն:

«Ահաբեկչական կազմակերպություններն այնտեղ լինել չեն կարող: Նախկինում ասում էին, որ ԺՄ-ն չի հրավիրվի: Եթե նրանց հրավիրեն, մենք, իհարկե, կբոյկոտենք ժնեւյան բանակցությունները»,- ասել է նա:

Ըստ ՏԱՍՍ-ի, ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ կողմ է բանակցություններին քրդերի մասնակցությանը, սակայն դեմ է Ժողովրդավարական միության եւ Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի մասնակցությանը:

Մինչ այդ, ըստ «Ռոսբալտ»-ի, սիրիական քրդական Ժողովրդավարական միություն կուսակցությունը հունվարի վերջին Ժնեւում Սիրիայի իրավիճակի հարցով միջազգային բանակցություններին մասնակցության հրավեր է ստացել: