ԵԽԽՎ-ում բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներոմ բռնության աճը» թեմայով հակահայկական զեկույցի տապալման հարցում վճռորոշ դեր ունեցավ նախօրեին Մինսկի խմբի եռանախագահների հայտարարությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց, ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը:
«Կանխատեսելի էր, որ մի զեկույցը կտապալվի` հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի նախօրեի հայտարարությունը ինչի համար պետք է շնորհակալ լինենք եռանախագահներին, քանի որ սա ակնհայտ իրողություն է: Բանաձեւի ընդունումը չէր նպաստում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Այդ առումով, բնականաբար, իր վճռորոշ ազդեցությունն ունեցավ նաեւ եռանախագահողների հայտարարությունը»:
Ինչ վերաբերում է բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» հակահայկական զեկույցին, որն ընդունվեց, Քոքոբելյանն ասաց. «Սարսանգի ջրամբարի հարցը այլ հարթության խնդիր է, եւ անկախ ամեն ինչից հոսող ջրի մասին է խոսքը եւ իր ուժգնությամբ տարածաշրջանի անվտանգության եւ ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման առումով համեմատելի չէ մյուսի հետ»:
Խաչատուր Քոքոբելյանն ընդգծեց, որ բանաձեւի տապալմանն ավելի շատ նպաստել է քաղաքական որոշումը. «Մինսկի խմբի եռանախագահողների հայտարարությունը ժամանակին ու համարժեք հայտարաություն էր»:
Նշենք, որ օրեր առաջ ԵՄ-Հայաստան Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստում ընդունվել էր հայտարարություն, ըստ որի Եվրախորհրդարանը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափն է, այս ուղղությամբ, մեծապես խրախուսում է համաեվրոպական եւ այլ միջազգային կազմակերպություններին ու կառույցներին համահունչ լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց տեսակետներում եւ բանաձեւերում, որպեսզի այդ կերպ նպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը:




























