Եթե ռուսական ռուբլին կայունանա, հայ մսամթերք արտադրողները կարող են փորձել ապխտած մսամթերք արտահանել Ռուսաստան։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Բեկոն» ՍՊԸ գործադիր տնօրեն Կարեն Մարգարյանը։
Ռուսաստանը հայ մսամթերք արտադրողների համար իր դռներն էր բացել 2014թ. նոյեմբերին։ Այդուհանդերձ այդ ժամանակից ի վեր արտահանում գրեթե չի իրականացվել։
«Ռուբլին սկսել է իջնել, եւ ռուբլով գները շատ բարձր են ու ռուսական շուկայում անմրցունակ։ Դրա հետեւանքով որոշ արտադրողներ հայտնվել են բարդ իրադրության մեջ. պայմանագիր են կնքել այլ փոխարժեքով, բայց ստիպված են մատակարարել մեկ այլ փոխարժեքով»,- նշել է Մարգարյանը։
Նրա խոսքով՝ հիմա մնում է սպասել, թե ինչով է վերջանալու Հայաստանում հայտնաբերված դաբաղի եւ հայկական հում մսի վրա ռուսական նոր արգելքի գործը։
«Իհարկե արգելքը չի վերաբերում ջերմային մշակում անցած մթերքներին։ Սակայն այսպես թե այնպես մենք եփած երշիկ չէինք տանելու, այլ միայն հում ապխտած միս։ Իսկ դրանք կարող են հայտնվել արգելքի տակ։ Այնպես որ պետք է սպասենք»,- հավելել է Մարգարյանը։
Հարցին, թե հնարավոր կլինի արտահանել, եթե ռուբլին կայունանա, Մարգարյանը պատասխանել է. «Լիովին»։
Ընկերությունը պլանավորում է հայկական պատվիրակության կազմում մեկնել Մոսկվա՝ մասնակցելու փետրվարի 8-12-ը կայանալիք «Պրոդէքսպո 2016» ցուցահանդեսին։ «Ներկայումս յուրացնում ենք եվրոպական ապուխտի՝ իսպանական խամոնի եւ իտալական բեկոնի տեխնոլոգիան։ Ուզում ենք դրանք առաջարկել ե՛ւ այստեղ, ե՛ւ արտասահմանում, ընդ որում, ոչ միայն Ռուսաստանում»,- հավելել է նա։



























