Չեխ քաղաքական գործիչները քննադատել են երկրի նախագահ Միլոշ Զեմանի հայտարարությունն այն մասին, թե ինչպես հնարավոր կլիներ ազատվել վարչապետ Բոգուսլավ Սոբոտկայից։ Այս մասին հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով The Guardian-ը։

«Ժողովրդավար ճանապարհը մեկն է՝ ընտրությունները։ Ոչ ժողովրդավարը՝ Կալաշնիկովը»,- ասել էր նախագահը։

«Դա անարժան է պետության ղեկավարի համար։ Նա սադրում է հանրությանը, պառակտում է մտցնում։ Լավ քաղաքական գործիչն այդպես չէր վարվր»,- Զեմանի հայտարարությունը մեկնաբանել է Քաղաքացիական ժողովրդավարական կուսակցության ղեկավար Պետեր Ֆիյալան։

«Հուսամ՝ դա կատակ էր, հակառակ դեպքում դա ուղղակի զզվելի է»,- ասել է Կոմունիստական կուսակցության առաջնորդ Վոյտեկ Ֆիլիպը։

Զեմանին քննադատել է նաեւ Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավոր Պավել Սվոբոդան։

Հիշեցնենք, որ Չեխիայի նախագահի եւ վարչապետի հարաբերությունները փչացել էին այն բանից հետո, երբ Եվրոպայում միգրացիոն ճգնաժամ էր սկսվել։ Այն ժամանակ, երբ Սոբոտկան կողմ է արտահայտվում երկրում փախստականներ տեղակայելուն, Զեմանը քննադատում է միգրանտներին ընդունելու Բրյուսելի քաղաքականությունը։