Հոլոքոստ չէր լինի, եթե աշխարհը ժամանակին ճանաչեր Հայոց ցեղասպանությունը: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց փիլիսոփայական գիտությունների դոկտոր Վիլ Պողոսյանը:
«Հայերն ու հրեաները եղբայրներ են: Մեզ համար կարեւոր է այս օրը, առաջին հասարակական գործիչները, որ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, եղել են հրեաներ: Եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչվեր, Հոլոքոստ չէր լինի»,- ասաց նա՝ նշելով, որ մենք պետք է հարգենք հրեաների վիշտը. «Չի կարելի ասել վիրավորական ձեւով՝ մեզ ոչնչացրել են մեր տարածքի վրա, ձեզ ոչնչացրել են տաբեր վայրերում, որը ձերը չի եղել: Նման բաներ չի կարելի ասել, պետք է հարգել»:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ Հոլոքոստը մարդկությանը հիշեցնում է, որ չի կարելի էթնիկ հատկանիշի հիման վրա բնաջնջել ամբողջ ժողովուրդ:
«Պետք է օրինակ լինի, որ չի կարելի նման բան կրկնել: Բնաջնջողը մարդ չի, օրենքից դուրս է, պետք է դատապարտվի: Մենք պետք է ցույց տանք, որ երկու ժողովուրդները մեծ ավանդ ունեն համաշխարհային գիտության զարգացման մեջ»,- ասաց նա:
Հունվարի 27-ը նշվում է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր: Օրը հիմնվել է 2005 թ. նոյեմբերի 1-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի թիվ 60/7 բանաձեւով: Այսօր Իսրայելում և աշխարհի բոլոր հրեական համայնքներում նշվում է Հոլոքոստի զոհերի հիշատակը օրը:
Հրեաների հանդեպ ցեղասպանությունն իրականացվել է Գերմանիայի այն ժամանակվա ղեկավար Ադոլֆ Հիտլերի կողմից: Գերմանիայի կառավարությունն ընդունել է սեփական մեղքն ու ներողություն է խնդրել հրեա ժողովրդից:




























