ԱՄՆ-ի նախագահության թեկնածու Դոնալդ Թրամփի հորինովի նույնասեռական արկածների մասին վեպը Amazon-ում հիթ է դարձել, գրում է Gazeta-ն` վկայակոչելով The Los Angeles Times-ին: Գրքի հեղինակը 22-ամյա կատակերգու Էլայջա Դենիելն է: Նրա ստեղծագործությունը կոչվում է «Թրամփի գայթակղությունը. միլիարդատերը եւ թղթատարը»:
Ինչպես նշում է թերթը, Դենիելն ինքնակենսագրականում զգուշացնում է, որ ինքը «կատակերգու է եւ շատ վատ հեղինակ» եւ որ իր գրածներից ոչինչ չարժե կարդալ:
Գիրք գրելու պլանների մասին Դենիելը տեղեկացրել էր թվիթերում. Նա խոստացել էր հարբել, Թրամփի մասին վեպ ստեղծել «Մոխրագույնի հիսուն երանգ ոճում» եւ այն վաճառքի հանել Amazon-ում: «Թրամփի գայթակղության» մեջ պատմվում է Հոնկոնգում թղթատարի եւ միլիարդատիրոջ միջեւ «հարաբերությունների» մասին:
Գիրքը համացանցային խանութի կայքում 174 արձագանք է ստացել, ընդ որում գնահատողների մեծամասնությունը գրքին հինգ աստղ է դրել:




























