Եվրոպան բախվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր միգրացիոն ամենախոշոր ճգնաժամին: Այդ մասին չորեքշաբթի Ստրասբուրգում Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում ելույթ ունենալիս ասել է Բելգիայի ներկայացուցիչ Դոֆնե Դյումերին` այդ թեմայով զեկույցի հեղինակը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Իրավիճակը հեռու է կարգավորումից: 2016-ին ներգաղթյալների հոսքը չի նվազում», - ընդգծել է նա: Դյումերին տվյալներ է մեջբերել այն մասին, որ «2015-ին ավելի քան 1 մլն ներգաղթյալ եւ փախստական է եկել Եվրոպայի տարածք»: «Եվ դրանք ամբողջական տվյալներ չեն, որովհետեւ դրանցում հաշվի չի առնվում մոտավոր թիվը նրանց, որոնք աննկատ են մնացել Եվրոպա ներթափանցելիս», - նշել է Դյումերին: Նա ընդգծել է, որ «ընդամենը 34 հազար մարդ է եկել ցամաքային ճանապարհով, մնացածներն անցել են Միջերկրական ծովը»:
«2014-ին մոտ 210 հազար միգրանտ է անցել Միջերկրական ծովը, մինչդեռ 2013-ին նրանց թիվն ընդամենը 70 հազար էր», - նշել է զեկուցողը` խոսելով անընդհատ աճող հոսքի մասին: «Նման խոշոր ավելացումն աննախադեպ մարդասիրական ճգնաժամի ակնառու վկայություն է: Զոհվածների թիվն իրոք հսկայական է եւ աճում է Միջերկրական ծովով տեղ հասնել փորձող ներգաղթյալների ընդհանուր թվի աճին զուգահեռ: 2015-ին այն գերազանցել է 3600 մարդը: Զոհեր կլինեն նաեւ հետագայում, զրոյական ռիսկ գոյություն չունի», - ասել է նա:




























