Գերմանիայի կառավարությունը մտադիր է հեշտացնել Գերմանիայից այն օտարերկրացիների արտաքսումը, որոնք հանցանք են գործել: Չորեքշաբթի նախարարների խորհուրդն օրենքի նախագիծ է համաձայնեցրել, ըստ որի, օտարերկրացու արտաքսումը թույլատրելի է այն դեպքում, եթե նրա նկատմամբ դատավճիռ է կայացվել այնպիսի հանցանքի համար, որն ուղղված է կյանքի, ֆիզիկական անձեռնմխելիության, սեռական կողմնորոշման կամ սեփականության դեմ, ինչպես նաեւ իրավապահ մարմիններին դիմադրելու համար: Միաժամանակ նշանակություն չունի` արդյոք դատավճիռը փոխարինվել է պայմանական ժամկետով, տեղեկացնում է DW-ը:
Մնացած բոլոր դեպքերում օտարերկրացին առաջվա նման կարող է արտաքսվել այնպիսի կանխամտածված հանցանք կատարելու դեպքում, որի համար առնվազն մեկ տարվա ազատազրկում է նախատեսված եւ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել: Ապաստանի հայտ ներկայացրած հանցագործներին այսուհետ ավելի հետեւողականորեն կզրկեն փախստականի կարգավիճակից:
ԳԴՀ արդարադատության նախարար Հայկո Մասը տվյալ օրինագծի ընդունման կապակցությամբ ասել է, որ Գերմանիայում «ոչ մեկին չի թույլատրվում իրեն օրենքից եւ կարգից վեր դասել»: Նա կոչ է արել հետեւողականորեն պատասխանատվության կանչել օտարերկրացի հանցագործներին` նշելով, որ դա հենց փախստականների օգտին է:
«Փախստականներն արժանի չեն, որ իրենց նույնացնեն հանցագործների հետ», - պարզաբանել է նախարարը: Կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կքննարկվի Բունդեսթագում եւ Բունդեսռատում:




























