Դանիայի հարավում Սեններբորգ քաղաքում 17-ամյա աղջկան մեղադրել են զենք կրելու համար, այն բանից հետո, երբ նա իրեն բռնաբարել փորձող տղամարդու դեմ գազի բալոն է գործածել: Միջադեպը կատարվել էր փախստականների կենտրոնի մոտակայքում, հայտնում է Lenta–ն, վկայակոչելով The Daily Mail–ը:
Դանիացի աղջկա խոսքով ( նրա անունը չեն հայտնում ) անգլախոս տղամարդն իրեն գետնին էր գցել ու փորձում էր մերկացնել: Աղջկան հաջողվել էր նրա դեմ գազի բալոն կիրառել, որից հետո հարձակվողը փախուստի էր դիմել: Աղջկա վրա հարձակված տղամարդուն չեն ձերբակալել: Արդյոք նա փախստական է եղել, թե ոչ՝ հայտնի չէ:
«Գազի բալոն գործածելն օրինական չէ, դրա համար էլ նա ստիպված կլինի տուգանք վճարել»,- հայտնել է տեղական ոստիկանության ներկայացուցիչ Քնուդ Քիրսթենը: Տուգանքի չափը 500 կրոն է: Դանիայից բացի գազի բալոններ ձեռք բերելը, պահելը արգելված է նաեւ Իրանում, Սինգապուրում, Բելգիայում,Իռլանդիայում, Իսլանդիայում, Նիդեռլանդներում, Նորվեգիայում, Միացյալ թագավորությունում, Կանադայում ( բացառությամբ արջերի դեմ գործածվող գազի բալոնների), Բրազիլիայում, Ավտրալիայի Հյուսիսային տարածքում:



























