Stratfor ամերիկյան հետախուզա-վերլուծական ընկերության նոր զեկույցի համաձայն՝ Ռուսաստանը կարող է կորցնել Հնդկաստանի սպառազինությունների շուկայում իր բաժինը։ Վերլուծաբանների կարծիքով Ռուսաստանի գերիշխող դերը շուկայում թուլանում է։

Զեկույցը նշում է, որ Հնդկաստանը աշխարհում սպառազինությունների խոշորագույն ներմուծողն է, որին բաժին է հասնում վերջին 5 տարվա  գլոբալ ներմուծման 15 տոկոսը։ Ռուսաստանը՝ որպես այդ երկրին զենք մատակարարող, վաղուց առաջատար դիրքեր է զբաղեցնում շուկայում՝ ապահովելով ներմուծման 70 տոկոսը, փոխանցում է ՌԲԿ-ն։

«Սակայն Հնդկաստանը հսկայական միջոցներ է ներդրում զինված ուժերի վերակազմավորման եւ մոդերնիզացման համար, իսկ Մոսկվայի եւ Նյու Դելիի միջեւ գործարքների մի մասը տապալման եզրին է»,- նշում  են Stratfor-ի վերլուծաբանները։

Մասնավորապես զեկույցում նշվում է, որ տապալման վտանգի տակ է հայտնվել տրանսպորտային բազմաթիրախ օդանավերի՝ Ռուսաստանի եւ Հնդկաստանի համատեղ արտադրությունը, որի պոտենցիալ արժեքը 1 մլրդ դոլար է։

Բացի այդ, տապալման եզրին է Հնդկաստանին 100 նմուշ «Կամով 226Տ» ուղղաթիռների մատակարարման գործարքը, քանի որ Նյու Դելին պահանջում է, որ ուղղաթիռների բաղադրիչների 50 տոկոսը արտադրվի Հնդկաստանում, իսկ Մոսկվան համաձայն չէ, նշում են վերլուծաբանները։

«Ռուսաստանի ռազմական արդյունաբերությունը հաճախ իր արդյունաբերական ճյուղերը եւ գիտական հետազոտությունների ֆինանսավորումը  պահպանելու համար հույսը դնում է արտասահմանյան պատվերների վրա։ Մոսկվայի համար շատ վատ պահ է նման ելքի համար. ռուսական տնտեսությունը շարունակում է անկում ապրել»,- ընդգծում են վերլուծաբանները։

Ռուսաստանի եւ Հնդկաստանի միջեւ ռազմական ոլորտում առանցքային նախագծերի հարցում դժվարությունները հնարավորություններ են բացում այլընտրանքային մատակարարների համար։

Հնդկաստանի կառավարության պաշտոնական վիճակագրության  համաձայն՝ Ռուսաստանը վերջին 5 տարում առաջատար դիրքեր է զբաղեցնում հնդկական շուկայում, սակայն ԱՄՆ-ը, հնարավոր է, արդեն հավասարվել է Մոսկվային վաճառքի ընդհանուր ծավալներով։

Զեկույցում նշվում է, որ Հնդկաստանը վերջին ժամանակներս մի շարք առանցքային գործարքներ է կնքել ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Հարավային Կորեայի հետ։