Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Ջոն Քյորը NEWS.am-ի հետ զրույցում պատմել է երկկողմ տնտեսական կապերի, Ղարաբաղի հակամարտության հարցում Կանադայի հաստատուն դիրքորոշման, սիրիացի փախստականների ընդունելության ծրագրի եւ Գարուի հետ իր հանդիպումների մասին։
Ես պատիվ ունեմ վերջին 2 տարում լինել Հայաստանում Կանադայի դեսպանը։ Այդ ընթացքում մեծապես ակտիվացել է մի շարք ոլորտներում տնտեսական համագործակցությունը։ Մեկ տարի առաջ ես ուղեկցում էի մեր երկկողմ հարաբերությունների պատմության մեջ ամենախոշոր առեւտրական պատվիրակությունը, որը բաղկացած էր 20 մարդուց։ Մեզ հիանալի ընդունեց վարչապետը։ Պատվիրակության համար գերակա ուղղություններ են եղել գյուղատնտեսությունը եւ սննդի արդյունաբերությունը, տրանսպորտն ու լոգիստիկան, մասնագիտական ծառայությունները։
Ըստ առեւտրի վիճակագրության վերջին տեղեկությունների՝ Հայաստանից Կանադա արտահանման ծավալները 2015թ. գերազանցել են 130 մլն դոլարը։ Դա շատ ավելին է, քան 2014թ., բայց մենք համալիր մոտեցման կողմնակիցներ ենք՝ ներմուծում մի ուղղությամբ, արտահանում՝ հակառակ ուղղությամբ, գիտելիքների փոխանակում։ Եվ այստեղ մենք լավ հնարավորություններ ունենք ընդլայնել մեր համագործակցության ոլորտները, օրինակ, առաջ մղել ոչ միայն Հայաստանում կանադական ապրանքները, այլ նաեւ Կանադայում՝ հայկականը՝ համագործակցելով Օտտավաայում Հայաստանի դեսպանական հետ։
Ի՞նչ դիրքորոշում ունի Կանադան Ղարաբաղի խնդրի հարցում։
Ես ամենայն շիտակությամբ կարող եմ ասել, որ Կանադայի դիրքորոշումը միշտ անփոփոխ է մնացել։ Մենք միանշանակ պաշտպանում ենք եւ պաշտպանելու ենք ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ընթացող գործընթացը։ Մենք հավատում ենք, որ երկխոսությունը եւ փոխզիջումը իրավիճակի խաղաղ կարգավորման ճանապարհն են։
Կանադան հայտնի է Մերձավոր Արեւելքի փախստականներին, մասնավորապես՝ քրիստոնյա փոքրամասնություններին ընդունելու իր ջանքերով։ Ինչպե՞ս են նրանք հարմարվում նոր հասարակությանը։
Սկզբում ասեմ, որ Կանադայի ուժը նրա բազմազանության մեջ է։ Մեր երկիրը կառուցվել է միգրացիայի վրա։ Մենք շարունակում ենք ողջ աշխարհից նոր կանադացիներ ընդունել։ Այդ առումով Կանադայի կառավարությունը պարտավորվել է 25 հազար սիրիացի փախստական ընդունել։ Փախստականների, այդ թվում՝ էթնիկ հայերի առաջին հոսքն արդեն ժամանել է։ Կանադան կազմել է փախստականների ընդունելության, տեղակայման եւ ինտեգրացիայի մանրամասն ռազմավարություն։ Այդ գործում միավորված են դաշնային կառավարության, նահանգների եւ համայնքների ջանքերը։ Մենք շատ լուրջ ենք վերաբերվում այդ աշխատանքին եւ օգնում ենք նրանց ինտեգրվել մեր հասարակության մեջ, որը բազմակարծիք է, խաղաղ, բայց միաժամանակ որտեղ կարծում են, որ սեփական մշակույթը, լեզվական ու էթնիկ ինքնությունը պահպանելը կարեւոր է։ Դա վերաբերում է նաեւ կանադահայերին։
Ատոմ էգոյանին հանդիպե՞լ եք։
Ես դիտել եմ նրա ֆիլմերը, բայց, ցավոք, երբեք նրա հետ չեմ շփվել։ Պետք է ասեմ, որ բարի նախանձով նախանձում եմ Մեքսիկայում իր գործընկերոջը, քանի որ Էգոյանը վերջերս այնտեղ էր, եւ ես Թվիթերում տեսա, որ դեսպանը հանդիպել է նրա հետ։ Բայց վերջին տարիներին ես հնարավորություն եմ ունեցել հանդիպել մի շարք այլ հայտնի հայերի հետ։ Առաջին հերթին՝ հայկական արմատներով կանադացի երգչի հետ, որին հանդիպելու բախտ է վիճակվել 2 անգամ, որոնցից մեկը՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում։
Այո, շատ հայեր սիրում են Գարուի մոտ հայկական արմատներ փնտրել... Եվ վերջին հարցը հենց Ֆրանկոֆոնիայի մասին է։ Ձեր կարծիքով ի՞նչ դեր է այն խաղում հայ-կանադական երկկողմ հարաբերություններում։
Կուզեի Ձեզ ասել, որ Կանադան շատ ուրախ էր օգնել Հայաստանին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցելու հարցում։ Մենք շատ ուրախ ենք համագործակցել Հայաստանի հետ այդ ձեւաչափով եւ մեծ ուրախությամբ անցյալ տարվա հոկտեմբերին Երեւանում մասնակցել ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական կոնֆերանսին։ Այնտեղ բնականաբար ներկա էր Կանադայի, այդ թվում՝ Քվեբեկի եւ Նյու Բրանսուիկի պատվիրակությունները, քանի որ մենք 3 անդամ կառավարություն ունենք Ֆրանկոֆոնիայում։ Իսկ Կանադայի բնակիչ Միքայել Ժանը, որը բացառիկ մարդ է, Կանադայի նախկին գեներալ-նահանգապետ, ներկայումս Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարն է։
Մենք կարծում ենք, որ կազմակերպությունը շատ կարեւոր է բոլոր անդամների հետ հարաբերություններ պահպանելու համար։ Կանադայի եւ Հայաստանի համար դա նաեւ միջոց է բազմակողմ ձեւաչափով համատեղ աշխատանքի համար։ Եվ ես կուզեի ամենաջերմ բառերն ասել Հայաստանի կառավարության հասցեին բացառիկ մակարդակով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական կոնֆերանսը կազմակերպելու համար։ Մենք շատ գոհ ենք համատեղ նախագծերի իրականացմամբ։ Մարտին՝ Երեւանում Ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակներում, մենք հնարավորություն կունենանք ֆրանկո-կանադական ֆիլմ եւ իհարկե Քվեբեկի եւ ընդհանուր ֆրանկո-կանադական մշակույթի այլ տարրեր ներկայացնել, որպեսզի մեր հիանալի երկկողմ հարաբերությունները ցուցադրենք ոչ միայն անգելերենով, այլ նաեւ ֆրանսերենով։




























