Ինքնահռչակված Կոսովոյի հանրապետության խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները սպառնացել են բողոքի ամենօրյա ակցիաներ անցկացնել, եթե Կոսովոյի վարչապետ Իսա Մուստաֆան մինչեւ  փետրվարի 17-ը հրաժարական չտա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով «Զերի» թերթին:

Ընդդիմությունը նաեւ պահանջում է, որ մինչեւ այդ ժամկետը Մուստաֆան. արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օր նշանակի: Վերջնագրի վերջնաժամկետը պատահաբար չի ընտրված. փետրվարի   17-ին լրանում է Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման ութ տարին:  Վերջին ամիսների ընթացքում Կոսովոյի խորհրդարանի գործնականում յուրաքանչյուր նիստ ուղեկցվել է ընդդիմության ներկայացուցիչների կողմից արցունքաբեր գազի կիրառությամբ. նրանք հանդես են գալիս Բելգրադի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունների մի շարք կետերի, մասնավորապես` Կոսովոյում Սերբական քաղաքապետարանների ընկերակցության ստեղծման առանցքային դրույթի դեմ:  Ընդդիմությունը բազմիցս հայտնել է, որ Մուստաֆայի հրաժարականն է պահանջում եւ կարգելակի խորհրդարանի աշխատանքը, մինչեւ հասնի դրան: