ԱՄՆ-ում Մայամի Բիչում գտնվող առանձնատանը, որը պատկանել է թմրաբարոն Պաբլո Էմիլիո Էսկոբարին, գաղտնի սեյֆ է հայտնաբերվել: Դրանում կարող են ոսկու ձուլակտորներ եւ ադամանդներ լինել: Այդ մասին տեղեկացրել են առանձնատան ներկայիս սեփականատերերը` Քրիստիան դե Բերդուարը եւ նրա կինը: Նրանք պատմել են, որ սեյֆը թաքցված էր տարածքներից մեկի պատի մեջ, որը բանվորները երկուշաբթի քանդել են շենքի վերակառուցման ընթացքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Սեյֆը մինչեւ այժմ փակ է: Մենք ուղղակի չենք կարող հավատալ մեր աչքերին: Այսուհետ ես Պաբլիտոյին իմ լավագույն ընկերը կհամարեմ: Կարծում եմ, ներսում ոսկի կամ ադամանդներ կան: Ով իմանա», - ասել է դը Բերդուարը: Սեյֆի չափերն են 60 սմ 60-ի վրա, այն մինչեւ 317,5 կգ է կշռում:
Նա եւ իր կինը որոշել են չշտապել սեյֆը բացելու հարցում եւ սպասել մինչեւ առանձնատան վերակառուցման ավարտը: Կինը հեռուստալրագրող է եւ փաստագրական ֆիլմ է նկարահանում հանգուցյալ թմրաբարոնի առանձնատան գաղտնիքների մասին: Վերակառուցման ընթացքում բազմաթիվ հետաքրքիր գյուտեր են արվել` ներառյալ մեկ այլ սեյֆ, որը ենթադրաբար գողացել են դրա հայտնաբերումից անմիջապես հետո: Գողերից պաշտպանվելու համար դը Բերդուար ամուսինները նոր գտածոն բանկ են հանձնել: Զույգը առանձնատունը գնել է 2014-ին` 9,65 մլն դոլարով: Էսկոբարն այն գնել էր 1980-ի մարտին` 762,5 հազար դոլարով: Յոթ տարի անց ԱՄՆ-ի իշխանություններն առգրավել էին տունը եւ այն վաճառքի էին հանել:


























