Կանադան Մերձավոր Արեւելքի փախստականների ընդունելության հանգամանալից ռազմավարություն է մշակել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Ջոն Քյորը։
Նրա խոսքով՝ Կանադան կառուցվել է միգրացիայի վրա, եւ երկրի ուժը նրա բազմազանության մեջ է։ Մենք շարունակում ենք ողջ աշխարհից նոր կանադացիներ ընդունել։
Կանադայի կառավարությունը պարտավորվել է 25 հազար սիրիացի փախստական ընդունել։ Կանադան կազմել է փախստականների ընդունելության, տեղակայման եւ ինտեգրացիայի մանրամասն ռազմավարություն։ Այդ գործում միավորված են դաշնային կառավարության, նահանգների եւ համայնքների ջանքերը։ Փախստականների, այդ թվում՝ էթնիկ հայերի առաջին հոսքն արդեն ժամանել է։ «Մենք շատ լուրջ ենք վերաբերվում այդ աշխատանքին եւ օգնում ենք նրանց ինտեգրվել մեր հասարակության մեջ, որը բազմակարծիք է, խաղաղ, բայց միաժամանակ որտեղ կարծում են, որ սեփական մշակույթը, լեզվական ու էթնիկ ինքնությունը պահպանելը կարեւոր է։ Դա վերաբերում է նաեւ կանադահայերին»,- ասել է դիվանագետը։




























