ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Միլիցա Մարկովիչի հակահայ զեկույցի ընդունումը խոչընդոտում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում դրական տեղաշարժը, այն բացասական ֆոն է ստեղծում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, երկու ծայրահեղ տեսակետ կա: «Մեկը ենթադրում է, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն: Մյուս տարբերակի համաձայն, դա ընդամենը թղթի կտոր է: Եթե դա թղթի կտոր է, այդ դեպքում ինչո՞ւ էինք մենք այդքան պայքարում: Բնականաբար, ե՛ւ մեկ, ե՛ւ մյուս տեսակետները սխալ են»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

Նա հավելեց, որ ԵԽԽՎ բանաձեւերը պարտադիր իրավական ուժ չունեն: «Բայց, բնականաբար, այդ զեկույցի ընդունումը չի նպաստում խաղաղության ամրապնդմանը եւ բացասական քաղաքական ֆոն է ստեղծում մարդասիրական հարցերի տեսանկյունից: Մենք պետք է շարունակենք պայքարը, առավել եւս, որ մենք ապացուցեցինք. ճիշտ եւ արդյունավետ աշխատանքի դեպքում կարող ենք արդյունքի հասնել»,- ամփոփեց Շարմազանովը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հունվարի 26-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ պատգամավորներն ընդունեցին բոսնիացի խորհրդարանական Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկվում է ջրից» վերնագրով հակահայ զեկույցը: Այն վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսների օգտագործմանը: