Գերմանիայի Բադեն Վյուրտենբերգ դաշնային հողի Ֆիլինգեն Շվենինգեն քաղաքում, այսօր՝ հունվարի 29-ի գիշերը, անհայտ անձը նռնակ է նետել փախստականների հանրակացարանի տարածքում, հաղորդում է N-24 հեռուստաալիքը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ, նռնակը չի պայթել, թեեւ օղակը հանված է եղել, ոչ ոք չի տուժել: Նռնակը գիշերը ժամը 01.30-ի սահմաններում նկատել են հանրակացարանի անվտանգության աշխատակիցները, նրանք տեղյակ են պահել ոստիկանությանը: Իրավապահները փակել են հանրակացարանի տարածքը եւ վնասազերծել նռնակը:
Ներկայումս ոստիկանությունը որոնում է ենթադրյալ կասկածյալին, այլ մանրամասներ չեն հաղորդվում, փոխանցում է «ՌԻԱ նովոստին»:
Դեռեւս 2015 թվականի վերջին գերմանացի քրեագետները նշել էին օտարերկրացիների նկատմամբ ատելության հողի վրա հանցագործությունների թվի աճի մասին, որը տեղի է ունենում երկրում միգրացիոն ճգնաժամի ֆոնին:


























