ՆԱՏՕ-ն ձգտում է նվազեցնել լարվածությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում: Այս մասին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտնել է Рoliti.co պարբերականին տված հարցազրույցում: «Մեզ համար կարեւոր է օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ խուսափելու համար այն թյուրիմացություններից ու սխալներից, որոնք կարող են միայն ուժեղացնել լարվածությունը»,- ասել է նա:
Գլխավոր քարտուղարի խոսքով,Թուրքիայի կողմից խոցված ռուսական օդանավի միջադեպի նման դեպքերը «վտանգավոր են, ու մենք պետք է համոզվենք, որ անում ենք հնարավոր ամեն ինչ ապագայում նման բաներից խուսափելու համար»: Սթոլթենբերգը նաեւ հայտնել է, որ չորեքշաբթի ԵԱՀԿ-ի հետ քննարկել էր թափանցիկության բարձրացման ու Ռուսաստանի հետ ռիսկի նվազման անհրաժշտությունը: Հինգշաբթի
Յենս Սթոլթենբերգը Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ուսումնասիրում է Ռուսաստան- ՆԱՏՕ Խորհրդի նիստ անցկացնելու հնարավորությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք դիտարկում ենք Ռուսաստան –ՆԱՏՕ Խորհրդի անցկացման հնարավորությունը: Կարծում ենք, որ եկել է այն անցկացնելու ժամանակը: Բայց որոշումը դեռ կայացված չէ»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին: Նրա խոսքով, այս հարցը կբարձրացվի ռուսական պատվիրակության հետ բանակցություններում: «Մենք կքննարկենք այն ՆԱՏՕ-ում ռուսական պատվիրակության հետ միասին ու վերջնական որոշում կկայացնենք հանդիպման ժամկետների մասին»,- նշել է նա: Ռուսաստան – ՆԱՏՕ Խորհրդի նիստի անցկացումը դադարեցվել էր այն բանից հետո, երբ 2014թ ապրիլի 1-ին դաշինքը դադարեցրել էր ՌԴ-ի հետ ռազմական համագործակցությունը՝ Ուկրաինայի ճգնաժամով պայմանավորված տարաձայնությունների կապակցությամբ:



























