Այսօր Եվրամիությունը հրապարակել է Արտոնությունների ընդհանրացված համակարգ պլյուսի (GSP+) վերաբերյալ համապարփակ զեկույց 2014 – 2015թթ․ ժամանակահատվածի համար, որտեղ անդրադարձ կա նաեւ Հայաստանին:
Սույն զեկույցը կարեւորագույն օրինակ է առ այն, թե ինչպես է Եվրոպական միությունը ամրապնդում առեւտրային հարաբերությունները գործընկեր երկրների հետ ինչպիսին Հայաստան է՝ միեւնույն ժամանակ պահանջելով կայուն զարգացում եւ կառավարման ոլորտի բարեփոխումների իրականացում։
ԵՄ-ի Արտոնությունների ընդհանրացված համակարգը (GSP) մշակված է՝ միջազգային առեւտրի միջոցով աջակցելու գործընկեր պետությունների տնտեսական զարգացմանը։ Այն սահմանում է նվազեցված կամ զրոյական սակագներ ԵՄ կատարվող ներկրումների համար՝ ԵՄ շուկաներ ավելի հեշտ հասանելիություն տրամադրելով։ Ռեժիմն օգնում է գտնել նոր գործարար հնարավորություններ եւ առեւտրային եկամուտ ունենալ, ինչը նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանը, աղքատության կրճատմանը եւ կայուն զարգացմանը շահառու երկրներում:
Մասնավորապես, Կայուն զարգացման եւ Կառավարման ոլորտի բարեփոխումների իրականացման Առանձնահատուկ Ռեժիմը՝ GSP+ տրամադրում է լրացուցիչ աջակցություն [տարիֆների բացարձակ վերացման միջոցով] այն երկրներին, որոնք վավերացնում եւ արդյունավետ իրականացնում են մարդու իրավունքների, աշխատանքային իրավունքների, պատշաճ կառավարման եւ բնապահպանության վերաբերյալ 27 առանցքային միջազգային կոնվենցիաները։ Բարեփոխված GSP+ համակարգի 2014 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնելուց ի վեր ԵՄ-ն իրականացնում է ընդլայնված մշտադիտարկում պարտադիր հանձնառություններին շահառու երկրների համապատասխանության ուղղությամբ՝ սատարելով երկրների ջանքերին նշյալ կոնվենցիաների իրականացման գործում։
Հայաստանն օգտվում է բարեփոխված GSP+ համակարգից դրա ուժի մեջ մտնելուց ի վեր:
Բարեփոխված GSP+ համակարգի գործարկման վերաբերյալ այս առաջին կիսամյակային զեկույցը ներկայացնում է, թե ինչպես է Հայաստանը իրականացրել պարտադիր հանձնառությունները, որոնք որոնք ստանձնել է որպես GSP+-ին անդամակցելու պայման։ Այն հստակ անդրադառնում է Հայաստանի կողմից համապատասխան միջազգային կոնվենցիաների վավերացմանը եւ դրանց արդյունավետ իրականացմանը, դրանց վերաբերյալ հաշվետվողականությանը մշտադիտարկման միջազգային մարմիններին եւ ԵՄ-ն հետ համագործակցությանը մշտադիտարկման ընթացքում:
Սույն զեկույցը եզրակացնում է, որ GSP+ մշտադիտարկման առաջին փուլի ընթացքում Հայաստանը ուղղակի ջանքեր է ցուցաբերել՝ համապատասխանելու պարտադիր հանձնառություններին: Միաժամանակ Հայաստանը պետք է շարունակի եւ որոշ դեպքերում ավելացնի իր ջանքերը կոնվենցիաների իրականացման բարելավման ուղղությամբ, (ոչ պակաս կարեւորությամբ ձգտելով ապահովել Հայաստանի քաղաքացիների համար մարդու իրավունքների ոլորտում բարելավումների ընկալումն առօրյա կյանքում) որպեսզի կարողանա շարունակել օգտվել GSP+ համակարգից։
Մասնավորապես՝ 2014-2015 թթ․ Հայաստանը համակողմանի ջանքեր է գործադրել՝ GSP+ ցուցանիշների համակարգում հատկորոշված այն թերություններին անդրադառնալու, որոնք առաջնայնորեն վերաբերում են օրենսդրական բացերին կամ անհամապատասխան օրենսդրությանը եւ իրազեկության բարձրացմանը։ Միեւնույն ժամանակ Հայաստանի կառավարությունը պետք է շարունակի ակտիվացնել իր ջանքերը՝ լուծելու մարդու իրավունքների մի շարք դժվար հաղթահարելի խնդիրներ. մասնավորապես կապված դատական համակարգի եւ ընդհանրապես քաղաքական համակարգի անկախության եւ բարեվարքության, խոշտանգումներից եւ դաժան վերաբերմունքից պաշտպանող անբավարար օրենսդրական եւ իրավապահ շրջանակների հետ, ինչպես նաեւ կոռուպցիայի, փոքրամասնությունների նկատմամբ խտրականության, կանանց նկատմամբ խտրականության եւ բռնության, ինչպես նաեւ մանկական աղքատության վերաբերյալ անբավարար օրենսդրական հենքերի հետ։
Ինչ վերաբերում է աշխատանքային իրավունքներին, Հայաստանի օրենսդրությունը եւ պաշտոնական աշխատաշուկայի աշխատակարգերը լայն իմաստով համապատասխանում են Աշխատանքի միջազգային կազմակերպության հիմնարար կոնվենցիաներին։ Այնուամենայնիվ, երկուսն էլ պետք է բարելավվեն մի շարք առումներով, մասնավորապես գործատուների եւ աշխատողների համար միավորման ազատության, աշխատանքային պայմանների ավելի կանոնավոր եւ արդյունավետ ստուգման եւ աշխատավայրում խտրականության կանխման կետերով, զուգահեռ Հայաստանի ջանքերին՝ ուղղված չկարգավորվող զբաղվածությունը նվազեցնելուն։ Հայաստանը շարունակում էր ջանքեր գործադրել՝ պաշտպանելու շրջակա միջավայրը իրավական շրջանակի ներդրման եւ մի քանի ոլորտներում (օրինակ՝ օդի, ջրի, բնության պահպանություն) կոնկրետ օրենդրության ներմուծման միջոցով։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը մեծապես օգտվում է բնապահպանությանը եւ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարին ուղղված ԵՄ զգալի աջակցությունից եւ մտադիր է շարունակել այդպիսի գործելաոճը՝ նաեւ ի նպաստ այս ոլորտներում իր հետագա առաջնահերությունների եւ նպատակների։
Զեկույցում բերված փաստերի հիման վրա 2016 թվականին՝ մշտադիտարկման հաջորդ, երկամյա ժամանակահատվածի սկզբում կհատկորոշվեն առաջնային գործողությունները։ Թեեւ դրանք կարող են արտացոլել խորն արմատացած եւ երկարաժամկետ խնդիրներ, այս թերությունների հաղթահարման ուղղությամբ կոնկրետ առաջընթացի մասին հստակ ապացույցները կակնկալվեն մշտադիտարկման հաջորդ ժամանակահատվածում։
Հայաստանի ստանձնած հանձնառությունների համապատասխանեցման ուղղությամբ կարողությունները զարգացնելու նպատակով՝ հնարավոր է սկսել մի շարք ծրագրեր:
Տարբեր գործընկերների հետ սերտ համագործակցությունն էական է GSP+-ի հաջողության համար: Բացի Հայաստանի իշխանություններից, ԵՄ-ն աշխատում է նաեւ մարդու իրավունքների եւ զբաղվածության տեղական եւ միջազգային փորձագետների հետ եւ ակտիվ երկխոսության մեջ է գտնվում Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ։ Շատ դեպքերում քաղաքացիական հասարակությունը ողջունել է GSP+ ռեժիմը՝ որպես փոփոխությունները խթանող միջոց։
Հայաստանի կողմից GSP+ պարտավորությունների բավարարման վերաբերյալ հաջորդ զեկույցը կհրապարակվի մինչեւ 2017թ. նոյեմբերը:
Կոնվենցիաները, որոնք մշտադիտարկվում են GSP+ ռեժիմի ներքո, դասվում են հետեւյալ չորս թեմատիկ խմբերի․
1) մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ յոթ կոնվենցիա (ընդդեմ խոշտանգումների, ընդդեմ խտրականության, կանանց, երեխաների եւ փոքրամասնությունների իրավունքների մասին, քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների, ներառյալ արտահայտվելու եւ միավորման ազատության մասին, արդար դատական քննության իրավունքի եւ դատական համակարգի անկախության մասին),
2) Աշխատանքի միջազգային կազմակերպության ութ կոնվենցիա աշխատանքային իրավունքների վերաբերյալ (ընդդեմ հարկադիր աշխատանքի եւ մանկական աշխատանքի, աշխատողների՝ հավաքականորեն կազմակերպվելու եւ բանակցելու մասին, ընդդեմ աշխատավայրում խտրականության եւ տղամարդկանց եւ կանանց համար հավասարաչափ վճարման մասին);
3) ութ կոնվենցիա բնապահպանության եւ կլիմայի փոփոխությունների վերաբերյալ (մշտադիտարկելու վտանգավոր թափոնները եւ վնասակար աղտոտիչները, ապահովելու կենսաբազմազանությունը եւ պաշտպանելու վտանգված տեսակները եւ պայքարելու կլիմայական փոփոխությունների դեմ); եւ
4) չորս կոնվենցիա պատշաճ կառավարման վերաբերյալ (աջակցելու երկրներին ամրապնդել իրենց կառավարման համակարգն ու հաստատությունները՝ ՄԱԿ-ի կոնվենցիան ընդդեմ կոռուպցիայի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի երեք կոնվենցիա, որոնք ձգտում են վերահսկել թմրանյութերի ապօրինի շրջանառությունը)։
GSP+ ռեժիմը զգալի առեւտրային եւ տնտեսական նշանակություն ունի Հայաստանի համար: 2014 թ մոտավորապես 60 միլիոն եվրո (համարժեք 32 միլիարդ ՀՀ դրամին) արժողությամբ արտահանումների համար, որը կազմում է Հայաստանից ԵՄ արտահանումների ողջ ծավալի 26%-ը (228 միլիոն եվրո կամ 120 միլիարդ ՀՀ դրամ), Հայաստանն օգտվել է GSP+ ռեժիմից։ Հետեւաբար այս արտահանումներն իրականացվել են զրոյական սակագներով։ Իրավիճակը բարելավվեց 2015թ առաջին կեսին, երբ 58 միլիոն եվրո (31 միլիարդ ՀՀ դրամ) արժողությամբ արտահանումները Հայաստանից դեպի ԵՄ օգտվեցին GSP+ ռեժիմից։ Սա արդեն կազմում է Հայաստանից ԵՄ արտահանման ողջ ծավալի 41 %-ը (144 միլիոն եվրո կամ 76 միլիարդ ՀՀ դրամ)։
Բացի այդ, Հայաստանից ԵՄ արտահանողների զգալի մեծամասնությունը, որոնք կարող էին դիմել, դիմել են, եւ նրանց շնորհվել է շուկայի հասանելիություն առանց մաքսատուրքի վճարման։ Հայաստանն օգտվում է GSP+ ռեժիմից հետեւյալ ոլորտների արտահանումների համար՝ հագուստ, ալյումին, խեցգետին, հյութեր, ջեմեր եւ նպարեղեն, ընկուզեղեն եւ այլ ընդեղեն։


























