ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ- ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ անընդունելի են Սիրիայի մի շարք ընդդիմադիրների` իշխանությունների հետ երկխոսության համար նախապայմաններ առաջադրելու փորձերը, ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: 

Զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

«Սիրիական թեմատիկայի շուրջ մտքերի փոխանակում է տեղի ունեցել: Երկու կողմն էլ աջակցում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստեֆֆան դե Միստուրայի ջանքերին Ժնեւում Սիրիայի կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչների միջեւ քաղաքական կարգավորման նպատակով հանդիպման կազմակերպման ուղղությամբ:  Լավրովը նշել  է, որ սիրիական ղեկավարության առանձին ընդդիմախոսների` բանակցային գործընթացի սկզբի համար նախապայմաններ առաջ քաշելու փորձերն անընդունելի են եւ խախտում են ՄԱԿ ԱԽ 2254 որոշումը», — ասված է ռուսաստանյան արտաքին գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրությունում:

ԱԳ նախարարը դարձյալ ընդգծել է այն բանի կարեւորությունը, որ ընդդիմադիր ուժերի պատվիրակությունն իրոք ներկայացնի ամբողջ սպեկտրը, ինչպես նաեւ մատնանշել է ահաբեկչական  «Իսլամական պետություն» խմբավորման դեմ միասնական ճակատ ձեւավորելու կարեւորությունը:

Ժնեւում այսօր պիտի բանակցություններ սկսվեն Սիրիայի կառավարության եւ սիրիական ընդդիմության ներկայացուցիչների միջեւ: Դրանք անցկացվում են ՄԱԿ-ի հովանու ներքո, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի  2254 որոշմանը համապատասխան: Ակնկալվում է, որ բանակցությունները վեց ամիս կտեւեն։