Սեպտեմբերի 15-ին Վաշինգթոնում կհանդիպեն Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարներ Անատոլի Սերդյուկովն ու Ռոբերտ Գեյթսը: Սերդյուկովը սեպտեմբերի 14-16-ին այցով գտնվում է ԱՄՆ-ում:
Կողմերը նախատեսում են քննարկել իրենց երկրների զինված ուժերի հետ կապված բազմաթիվ խնդիրներ, ինչպես նաեւ ռազմական ոլորտում համագործակցության, նաեւ գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` հղում անելով ռուս նախարարի մամուլի քարտուղար, փոխգնդապետ Իրինա Կովալչուկին:
Այցի շրջանակներում Սերդյուկովը կայցելի ԱՄՆ ցամաքային զորքերի բազաներից մեկը եւ Անապոլիսի (Մերիլենդի նահանգ) ռազմածովային ակադեմիա:
Նշենք, որ նախօրեին Ռոբերտ Գեյթսը հայտարարել էր, որ նոր բալիստիկ հրթիռներ ստեղծելու Ռուսաստանի ծրագրերը Վաշինգթոնին չեն մտահոգում: Նրա խոսքով, հրթիռների նորացման ծրագիրը լրիվ նորմալ է եւ ԱՄՆ-ը այլեւս սպառնալիք չի տեսնում Ռուսաստանից:
«Ես Ռուսաստանին չեմ դիտարկում որպես սպառնալիք: Կարծում եմ, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ նորմալ միջպետական հարաբերություններ են զարգանում»,- ընդգծել է ամերիկացի նախարարը:




























