Նիդեռլանդների ռազմաօդային ուժերը (ՌՕՈՒ) իրավունք կստանան ավիահարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Նիդեռլանդների պաշտպանության նախարար Ժանին Հեննիս-Փլասշերտին:
Ըստ Lenta-ի, վեց F-16 ինքնաթիռներ արդեն տեղափոխվել են տարածաշրջանի ավիաբազա, սակայն մինչ այս հարձակումներ են իրականացրել միայն Իրաքում ահաբեկիչների ուղղությամբ:
«Իրաքում ձեռք բերված առաջընթացը չի զարգանա, եթե ԻՊ-ն կարողանա այնտեղ իր ուժերին օգնել Սիրիայի արեւելյան տարածքից»,- հայտարարել է պաշտպանության նախարարը:
«Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով AP-ին, հաղորդում է, որ համապատասխան փաստաթուղթը պետք է հավանության արժանանա երկրի խորհրդարանի կողմից, սակայն հայտնի է, որ պատգամավորների մեծամասնությունը սատարում է նախաձեռնությունը:
Ավելի վաղ Նիդեռլանդների կառավարությանը հակաահաբեկչական կոալիցիային միանալու կոչ էին արել Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն:



























